Արցախում սահմանված գնից թանկ վաճառք իրականացնողները վաղվանից կտուգանվեն մինչև 1 մլն դրամով
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտնում է, որ վերջին շրջանում կրկին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր և բողոքներ, երբ իրացման մի շարք կետերում, սպառողներին մոլորության մեջ գցելով, վաճառվում են սահմանված առավելագույն գներից բարձր գներով ապրանքներ։
Հաշվի առնելով այս հանգամանքները` վաղվանից ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի համապատասխան տեսչության կողմից լինելու են համալիր ստուգումներ, որոնց արդյունքում հաստատված սահմանաչափից բարձր գնով ապրանքի վաճառքի ցանկացած դեպք արձանագրելու պարագայում կիրառվելու է օրենքով սահմանված տույժի նշանակում` 500,000-ից 1,000,000 դրամի շրջանակներում, իսկ կրկնվելու դեպքում կասեցվելու է տվյալ վաճառքի կետի տնտեսական գործունեությունը։ Այդ ստուգումները լինելու են շարունակական:
Տեսչությունը կոչ է անում բոլոր այն տնտեսվարողներին, որոնց մոտ կան խախտումներ, շատ արագ բոլոր ապրանքների սահմանված գնապիտակները տեղադրել վաճառվող ապրանքատեսակների վրա։
«Համընդհանուր այս դժվար վիճակում խնդրում ենք չստեղծել հավելյալ խնդիրներ սպառողների ու պետության համար՝ ստիպելով լիազոր վարչական մարմնին կիրառել օրենքով սահմանված կոշտ միջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ