Կոտայքի մարզպետն այցելել է Նոր Երզնկա համայնք, Ջրաբեր, Նուռնուս և Ֆանտան բնակավայրեր

Կոտայքի մարզպետն այցելել է Նոր Երզնկա համայնք, Ջրաբեր, Նուռնուս և Ֆանտան բնակավայրեր

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային հերթական այցով եղել է մարզի Նոր Երզնկա համայնքում, Ջրաբեր, Նուռնուս և Ֆանտան բնակավայրերում՝ ծանոթանալու համայնքներում նախորդ տարի իրականացված և ընթացիկ տարում նախատեսվող սուբվենցիոն և այլ ծրագրերին, ինչպես նաև քննարկելու ընթացիկ խնդիրները:

 

«Այցիս առաջին կանգառը Նոր Երզնկա համայնքում էր, որտեղ այցելել եմ 2020 թվականի սուբվենցիոն 2 առանձին ծրագրերով կառուցվող խաղահրապարակի և պուրակի տարածք, դիտարկել իրականացվող աշխատանքները:

 

Համայնքային պուրակն ու խաղահրապարակը կառուցվում են կենտրոնական հատվածում: Տարածքն ավելի քան 30 տարի վերածված է եղել աղբավայրի: Շինաշխատանքների արդյունքում Նոր Երզնկան վերջապես կունենա բարեկարգ պուրակ և խաղահրապարակ: Աշխատանքները կավարտվեն օգոստոսին:

 

Ընթացիկ տարում համայնքից կառավարություն է ներկայացվել 3 սուբվենցիոն ծրագրային հայտ, որոնցից երկուսի շրջանակներում նախատեսվում է ասֆալտապատել համայնքի 4-րդ փողոցն ու վարչական շենքերի բակերը: Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով էլ կլուսավորվի նոր թաղամասը։ Արդյունքում՝ համայնքում լուսավորության խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

 

Այցիս հաջորդ կանգառը Բյուրեղավան խոշորացված համայնքի Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում էր։ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Ջրաբերում իրականացվել են խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքներ, իսկ Նուռնուսում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ և մեկնարկել է համայնքային կենտրոնի կառուցման ծրագիր:

 

Սուբվենցիոն ծրագրով այս տարի Ջրաբերում նախատեսում են ամբողջությամբ կառուցել խմելու ջրի ներքին ցանցը, Նուռնուսում էլ կասֆալտապատվեն ներհամայնքային ճանապարհները:

 

Համայնքային այցի շրջանակում եղել եմ նաև Չարենցավանի Ֆանտան բնակավայրում: Այստեղ, ինչպես նաև մյուս համայնքներում, բնակիչների հետ հանդիպմանն արձանագրել եմ՝ բնակիչները մեծամասամբ բարձրաձայնել են տրանսպորտի, ինչպես նաև ոռոգման ջրի սակավության խնդիրները։ Եվս մեկ անգամ քաղաքացիներին խոստանում եմ այդ և մյուս բարձրացված հարցերը քննարկել պատասխանատու կառույցների հետ և իմ լիազորությունների շրջանակում աջակցել դրանց լուծմանը»,- ասել է մարզպետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում