Մայիսի 26՝ Վրաստանի անկախության օր

Մայիսի 26՝ Վրաստանի անկախության օր

 2021 թվականին լրանում է Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության 103-րդ տարեդարձը և Խորհրդային Միությունից անկախության վերականգնման 30-ամյակը: 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը առաջին իսկ նիստում հռչակեց Վրաստանի անկախությունը: Չնայած իր կարճատև գոյությանը (1918-1921թթ․)՝ Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը անչափելի ազդեցություն ունեցավ երկարաժամկետ հեռանկարում Վրաստանի պետականության զարգացման գործում: Անկախության ակտը սահմանեց պետության կառավարման և քաղաքականության հիմնական սկզբունքները՝ պետական ինքնիշխանություն, Ժողովրդավարական Հանրապետություն՝ որպես անկախ Վրաստանի քաղաքական գոյության ձև, բարյացակամ վերաբերմունք այլ պետությունների, հատկապես հարևանների նկատմամբ, քաղաքացիական և քաղաքական ազատություն, ազգային փոքրամասնությունների ազատ զարգացում։ Վրաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որտեղ կանայք ունեին ընտրելու և ընտրվելու իրավունք: Այս ամենը օրգանապես կապված էր 1921 թ. սահմանադրության հետ, որը հիմնված էր ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա և նպատակ էր հետապնդում Վրաստանում հիմնելու և ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտներ:

1991 թվականին երկիրը վերականգնեց իր անկախությունը, որը ջրբաժանի դեր խաղաց Վրաստանի պատմության մեջ և սահմանեց երկրի ապագան: 1991 թ. մարտի 31-ին անցկացված հանրաքվեի ընթացքում բնակչության 99.08 տոկոսը (ներառյալ Հարավային Օսիայի նախկին ինքնավար շրջանի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության բնակչությունը) կողմ է քվեարկել1  միակ տրված հարցին. «Համաձա՞յն եք, թե՞ ոչ Վրաստանի պետական անկախության վերականգնմանը 1918 թվականի մայիսի 26-ի ակտի հիման վրա»: Համապատասխանաբար Վրաստանի Գերագույն խորհուրդը միաձայն ընդունեց Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտը 1989 թ. ապրիլի 9-ին՝ խորհրդային բանակի կողմից Թբիլիսիում խաղաղ ցույցի արյունալի ճնշումից ուղիղ երկու տարի անց2:

Իր անկախությունը վերականգնելուց ի վեր Վրաստանը դարձել է թշնամական պետության համար հիբրիդային պատերազմի թիրախ, որի նպատակն է ապակայունացնել երկիրը՝ պահել իր ազդեցության տակ և խոչընդոտել նրա ժողովրդավարական զարգացմանը և արևմտամետ արտաքին քաղաքական ընտրությանը: Այսօր էլ Վրաստանը ներգրավված է տարածքային ամբողջականության համար պայքարում:

Չնայած մարտահրավերներին՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում Վրաստանը մեկ անգամ ևս քայլ առ քայլ ամուր հիմք դրեց անկախ պետության կառուցման գործընթացին: Պետությունը շարունակում է ամենօրյա աշխատանքը: Անկախության երեսուն տարիները զգալի փոփոխություններ բերեցին երկրին և բնակչությանը: Ուժեղ ոգին և նպատակասլացությունը հնարավորություն տվեցին պետությանը և նրա հասարակությանը հաղթահարելու հսկայական խոչընդոտները, ինչը ավելի հզորացրեց և ամրապնդեց երկիրը:

Վրաստանը կայացել է որպես միջազգային հանրության վստահելի գործընկեր: Երկրի աշխարհաքաղաքական, տնտեսական և մշակութային շահերը գլոբալ են, միևնույն ժամանակ նրա անվտանգությունը, քաղաքական և տնտեսական կայունությունը բխում են աշխարհի շատ երկրների շահերից: Աշխարհի հետ կապակցվելու ոգեշնչմամբ երկիրը ստեղծել և շարունակում է վարել անսասան արտաքին քաղաքականություն և պրոակտիվ դիվանագիտություն՝ առաջնորդվելով օրինաչափությամբ, կայունությամբ և կանխատեսելիությամբ:

Վրաստանը և Հայաստանը կապված են  ժողովուրդների միջև հարաբերություններով,  քաղաքական և տնտեսական համագործակցությամբ և բարիդրացիական համակեցության երկար պատմությամբ: Անհրաժեշտ է էլ ավելի խորացնել և ամրապնդել այդ կապերը:

———————————————

1 Հանրաքվեի արդյունքները՝ ընդհանուր 3 672 403 գրանցված ընտրողից մասնակցել է 3 326 100 մարդ (90,57%); Աջակցության դիրքորոշում են հայտնել 3 295 493 ընտրող (99.08%), դեմ ՝ 16 917 (0,51%), փչացած / դատարկ քվեաթերթիկ ՝ 13 690 (0,41%):

2 Ամսաթիվը խորհրդանշական էր, քանի որ 2 տարի առաջ Խորհրդային բանակը դաժանորեն ցրեց Թբիլիսիում անցկացվող խաղաղ ցույցը, որի արդյունքում սպանվեց 24 մարդ, և բազմաթիվ մարդկանց առողջությանը վնաս պատճառվեց:

Գիորգի Սագանելիձե

ՀՀ-ում Վրաստանի դեսպան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում