Լոռու մարզպետարանի աշխատակիցները տեսակցել են Դեբեդից փրկված 2-ամյա Արևիկին

Լոռու մարզպետարանի աշխատակիցները տեսակցել են Դեբեդից փրկված 2-ամյա Արևիկին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները տեսակցեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2-ամյա Արևիկին, ով օրեր առաջ 3-4 մետր բարձրությունից ընկել էր Դեբեդ գետը: Մինչ այցելությունը բաժինն ամեն օր իրազեկվում էր երեխայի առողջական վիճակի մասին:

ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը նշեցին, որ երեխայի վիճակը կայունացել է, կյանքին այլևս վտանգ չի սպառնում, հիվանդանոցը կպահի փոքրիկին այնքան, ինչքան անհրաժեշտ է երեխայի հետագա խնամքի հետ կապված գործընթացները կազմակերպելու համար:

 Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը մարզպետի անունից շնորհակալություն հայտնեց հիվանդանոցի ողջ բուժանձնակազմին երեխայի լիարժեք բուժումը կազմակերպելու, այս ընթացքում նրա խնամքն իրականացնելու համար և նշեց, որ բաժինը ներգրավված է երեխայի հարազատների շրջանակն ուսումնասիրելու, սոցիալական դեպքը վարելու գործընթացում, ինչի արդյունքում կորոշվի փոքրիկ Արևի հետագա ճակատագիրը:

Հիշեցնենք, որ սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման էր ենթարկվել երեխայի մայրը:

Նա հաղորդում էր տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել էր Դեբեդ գետը: Հարուցվել է քրեական գործ, մայրը ձերբակալվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում էր կայացվել նրան տեղափոխել Երևան: Աղջնակի մոտ առկա են որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում