Մենք ունենք հրաշալի հնարավորություն մեր բոլորի սերն ու ջերմությունը փոխանցել պատերազմական գործողություններից տուժած մեր երեխաներին
Սիրելի եվրոպաբնակ հայրենակիցներ.
Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ավելի քան ամիս ու կես մեր հայրենիքի համար ճակատագրական ժամանակահատված է։ Այս օրերին սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի սիրտն ու միտքն ուղղված են դեպի Հայաստան, դեպի Արցախ, և մենք ջանք ու եռանդ չենք խնայում՝ ստեղծելու հնարավորություններ և գտնելու միջոցներ՝ օգնելու մեր հայրենակիցներին հաղթահարել այս դժվարին օրերը։ Այդ նպատակին հասնելու համար բոլորս՝ մեծ, թե փոքր, փորձում ենք անել առավելագույնը։
Վերջերս մի խումբ հայ պատանիներ իրենց մայրիկներին խնդրել էին թխվածքաբլիթներ պատրաստել, որպեսզի կարողանան վաճառել դրանք և օգտակար լինել համահայկական հիմնադրամի դրամահավաքին։
Առաջին հաջողությունից ոգևորված՝ նրանք դիմել են մեզ՝ խնդրելով օգնել իրենց՝ իրականացնելու ևս մեկ ծրագիր․այս անգամ նրանց սրտում ցանկություն է առաջացել Հայաստանի և Արցախի իրենց հասակակիցների համար կազմակերպել Սուրբ Ծննդյան տոնի միջոցառում, որպեսզի փորձեն ինչ-որ չափով ուրախացնել նրանց։ Այդ երեխաները կորցրել են իրենց տները, իրենց խաղալիքները, և մեր պատանիները որոշել են նրանց ուրախացնել նոր և ավելի լավ խաղալիքներով՝ նաև հույս ունենալով, որ այդ երեխաները նորից կհավատան հրաշքների։
Այս անկեղծ ցանկությունն իհարկե հուզեց մեզ, և մենք սկսեցինք մտածել, թե ինչպես կարելի է ընդլայնել նրանց գաղափարը, որպեսզի այն լավագույնս իրականանա։
Մենք որոշեցինք պատրաստել բացիկներ, որոնք կլինեն ոչ միայն գումար վաստակելու միջոց, այլև կդառնան եվրոպացի բարեկամներին Արցախի հայկական պատմամշակույթային կոթողները ներկայացնելու հնարավորություն։ Բացի դրանից այդ բացիկները կարող են ծառայել որպես Արցախի հիմնահարցի մասին եվրոպացիներին իրազեկելու միջոց։ (Գաղտնիք չէ, որ վերջերս թուրք ծայրահեղականներն անօրինական ձևերով հակահայկական քարոզչություն էին իրականացրել՝ բնակիչների փոստերի մեջ բրոշյուրներ գցելով):
Այդ նպատակի իրագործման համար մենք որոշեցինք դիմել հայ նկարիչների և դիզայներների օգնությանը, որոնց շնորհիվ կպատրաստվեն բացիկներ, որում Արցախյան կոթողները կհամադրվեն սուրբծննդյան տեսարանների հետ, իսկ բացիկի ետնամասում կլինի www.irecognizeartsakh.org կայքի հասցեն, որտեղ էլ եվրոպաբնակ մեր ընկերները կկարողանան ծանոթանալ Արցախյան հիմնահարցին։
Կարճ ժամանակահատվածում հայ արվեստագետների կողմից մենք ստացել ենք բազմաթիվ արձագանքներ։ Նրանց շարքում են նաև մեր մանկության ամենասիրելի մուլտֆիլմի՝ «Գտնված Երազ»-ի հեղինակները՝ Դիլաքյան եղբայրները, որոնք խոստացել են պատրաստել ակնկալվող 5 բացիկից երկուսը։ Մյուս երեքի պատրաստումը մենք վստահել ենք երիտասարդ մասնագետ Գևորգ Մարտինիչին։
Մեր խնդրանքը․
Վստահ ենք, որ յուրաքանչյուր հայ Եվրոպայում ունի հարազատ, բարեկամ, դասընկեր, գործընկեր, հարևան կամ պարզապես հեռավոր ընկեր, և եթե մենք նրանց Սուրբ Ծնունդն ու Ամանորը շնորհավորենք այդ բացիկներով, ապա մասնակիցը կդառնանք միանգամից 3 հայանպաստ ու հայրենանվեր գործերի․
• Կաջակցենք Հայաստանի և Արցախի երեխաների համար սուրբծննդյան նվերներ գնելու և նրանց համար միջոցառում կազմակերպելու ծրագրին,
• Եվրոպացի բարեկամներին հաղորդակից կդարձնենք հայկական մշակույթին, կծանոթացնենք մեր կոթողներին ու պատմամշակութային վայրերին՝
• Արցախի պատմության եվ հիմնահարցի վերաբերյալ մեր եվրոպացի ընկերներին կտրամադրենք օբյեկտիվ տեղեկատվություն..
Կարծիքներ