Բարի եղեք հաշտվել գործող իշխանության գոյության հետ. Մանասյան
1. Դադարեցնել փրկության բոլոր կոչերը։ ,,Փրկության,, բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները պարզամտություն են ազգի համար, որն ունի պետություն, այդ պետության գոյությունը պաշտպանելու և կազմակերպելու համար առկա Սահմանադրության, և այդ սահմանադրության հիման վրա գրված օրենքներ։ Կարելի է բարելավել սահմանադրությունն ու օրենքները, դրա համար նույն սահմանադրությունը սահմանում է ընթացակարգ։ Փրկության ծրագրերը պետություն չունեցող և նոր-նոր կազմակերպվող ժողովուրդների բաժինն է։
2. Դադարեցնել իրար հայհոյելն ու պիտակավորելը։ Քաղաքական հայացքների ազատությունը յուրաքանչյուրի իրավունքն է, իսկ անհամաձայնության դեպքում քաջություն ունեցեք և հրապարակային բանավեճի հրավիրեք մրցակից անհատներին և ուժերին։ Բոլորը բոլորին դավաճան, կամ ,,բոզի տղա,, կոչելով ապականվում են բոլորը, ու ոչ ոք չի մնում մաքուր կամ ,,լավ տղա,,։
3. Դադարեցնել քաղաքական մենախոսություններն ու նեղ շրջանակներում հնչեցվող հայտարարությունները։ Ժամանակն է, որ բոլորը բոլորի հետ սկսեն երկխոսություններ, բանակցություններ, ընդհանուր հայտարարի գալով կամ քաղաքակիրթ անհամաձայնությունների սահմանումով։ Եթե մի պետության մեջ, քաղաքական մտքի կրողները չեն կարող միմյանց հետ բանակցել և ընդհանուր հայտարարի գալ, ապա դրանք ունակ չեն նաև արտաքին ուժերի հետ բանակցելու և պետության համար շահեկան պայմանավորվածությունների գալու։
4. Մինչև պետություն վերցնելը կամ ազգը պետականորեն կազմակերպելու հայտ ներկայացնելը, նախ վերցրեք քաղաքական դաշտի մի զգալի հատվածը, կազմակերպեք մի նշանակալի դաշինք, հետո միայն ողջ պետությունը կազմակերպելու քաղաքական հայտ ներկայացրեք։
5. Իշխանության գալու կարգը բացառապես ընտրություններն են, հերթական կամ արտահերթ, այլ հարց է։ Չմոռանալ, որ գործող իշխանություններն ընտրված են, այլոց անգործության կամ ժողովրդի կողմից այլ ուժերի մերժման ճանապարհով։ Հետեւաբար բարի եղեք հաշտվել գործող իշխանության գոյության հետ, քանի որ իշխանության գալու դեպքում, Ձեր ընտրվելու հետ պիտի հաշտ լինեն նաև նրանք, ովքեր ատում են Ձեզ, ու ձեզ չեն ընտրելու։
Թերևս այսքանը։
Հայկ Մանասյան
Կարծիքներ