Գերմանիայում լոքդաունը կարող է տևել մինչև մարտի 1-ը. Bild
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է կորոնավիրուսի տարածման պատճառով լիակատար լոքդաունը երկարաձգել մինչեւ մարտի 1-ը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Bild-ին:
Տաբլոիդի տվյալներով՝ այս առաջարկությամբ դաշնային կանցլերը հանդես կգա տարածաշրջանների ղեկավարների հետ փետրվարի 10-ին կայանալիք հանդիպմանը: Երկրամասերի վարչապետները, որոնք աջակցում են կառավարող Քրիստոնեա-Դեմոկրատական միությանը, մտադիր են պաշտպանել նրա առաջարկությունը: Մերկելի պլանները ենթադրում են լոքդաունի երկարաձգում մինչեւ մարտի 1-ը, այնուհետեւ աստիճանաբար սահմանափակումների վերացում՝ սկսած դպրոցների, մանկապարտեզների եւ վարսավիրանոցների բացումից: Bild հրատարակությունը նշում է, որ լոքդաունի երկարաձգման վերջնական որոշումն առայժմ չի ընդունվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի մոտավորապես 2,3 միլիոն դեպք, 61,6 հազար մարդ մահացել է: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ բրիտանական ԶԼՄ-ները բացատրել են, թե ինչու է Գերմանիային պետք COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը:
Կարծիքներ