Հայտնի է դարձել Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանման պատճառը
Բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ուղղաթիռը կործանվել է օդաչուի գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի հետաքննությունը։
Ինչպես պարզել է հանձնաժողովը, ուղղաթիռը կառավարող Արա Զոբայանը կորցրել է տարածական կողմնորոշումը։ Բախվելուց քիչ առաջ օդաչուն դիսպետչերներին հայտնել է, որ բարձրություն է հավաքում, սակայն իրականում նա իջեցման է գնացել։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 26-ին Լոս Անջելեսից ոչ հեռու վթարի է ենթարկվել 41-ամյա Բրայանթի մասնավոր ուղղաթիռը։ Զոհվել են օդաչուն և բոլոր ութ ուղևորները, որոնց թվում եղել է բասկետբոլիստի 13-ամյա դուստրը՝ Ջիանան։ Բրայանթի անձնական ուղղաթիռի ընկնելու սկզբից մինչև լեռան լանջերին հարվածելու ժամանակը կազմել է մոտ 1 րոպե, ընդ որում, վերջին պահին ուղղաթիռը փորձել է դուրս գալ խիտ ամպերից և ձախ է թեքվել: Դրանից հետո կապը ուղղաթիռի հետ կորել է:
Քոբին ու Վանեսան ամուսնացել են 2001 թվականին։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք չորս դուստր են ունեցել։ Ասվում է, որ բասկետբոլիստը կնոջ՝ Վանեսա Բրայանթի հետ պայմանավորվածություն է ունեցել` երբեք չերթևեկել նույն ուղղաթիռով։ Այս մասին ասել է Բրայանթների ընտանիքին մոտ կանգնած անանուն աղբյուրը։
34 տարեկան և 104 օրական հասակում Բրայանթը դարձավ ամենաերիտասարդ բասկետբոլիստը, ով հատել է կարիերայի 30000 միավորի սահմանը։ Հանդիսանում է նաև «Լեյքերսի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ NBA-ում հանդես գալու երկրորդ տարուց սկսած ընտրվել է որպես NBA-ի բոլոր աստղերի խաղի հիմնական կազմի խաղացող, ընդ որում՝ բոլոր աստղերի հանդիպման ամենաարժեքավոր խաղացողի մրցանակի քառակի դափնեկիր է (2002, 2007, 2009, 2011)։
Կարծիքներ