ԵԿՄ վարչության անդամները Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել են Տավուշի մարզ

ԵԿՄ վարչության անդամները Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել են Տավուշի մարզ

Հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, ԵԿՄ վարչության անդամներ, մարզային բաժանմունքների նախագահներ, ազատամարտիկներ, պատանի, երիտասարդ երկրապահներ և այլ հյուրեր:

 

«Այսուհետ դուք ձեր ավանդն եք ունենալու մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Այն սերնդի, որն ապագայում նոր հաղթանակներ պիտի կերտի ու կառուցի լուսավոր ապագա»,- ողջունելով հյուրերին ասաց մարզպետ Հայկ Ղալումյանը:

 

Հանդիպման ընթացքում Սասուն Միքայելյանն անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԵԿՄ նոր վկայականների տրամադրմանը, նոր անդամակցություններին վերաբերող, կառույցի երիտասարդացմանն ու գործունեությանն առնչվող հարցերի:

 

«Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման գործում այսօր, առավել քան երբևէ, կարևոր է համազգային համախմբվածությունը»,- իր խոսքում նշեց Սասուն Միքայելյանը:

 

Հայրենիքի պաշտպանության, անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած քաջության համար ԵԿՄ վարչության նախագահի առաջարկությամբ ՊՆ գերատեսչական մեդալներով, ինչպես նաև ԵԿՄ պատվոգրով պարգևատրվեցին տավուշցի երկրապահները: ԵԿՄ պատվոգրով պարգևատրվեցին նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը և ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում