3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին
Ամփոփվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից: Այս տարի առաջին անգամ հանձնաժողովում ներառվել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներ:
Հանձնաժողովի որոշմամբ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Մելատոնինի ու լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա», Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի «Խիտոզան՝ ապագայի պոլիմեր» և Երևանի «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի «Ծանր մետաղները ջրում» նախագծերը երաշխավորվել են The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) միջազգային գիտության փառատոնին (Լեհաստան) մասնակցելու համար:
Այս տարի սահմանվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակ, որին արժանացել են Գեղարքունիքի մարզի Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Խելացի աղբաման» և Երևանի ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Մելատոնինի ու լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա» նախագծերը: 23 նախագիծ արժանացել է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակի, որից 3 նախագիծ՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», 5 նախագիծ՝ «Ֆիզիկա և աստղագիտություն», 4 նախագիծ՝ «Քիմիա», 6 նախագիծ՝ «Կենսաբանություն» և 5 նախագիծ՝ «Հասարակական գիտություններ» անվանակարգերում: 12 նախագիծ արժանացել է պատվոգրի:
Հիշեցնենք՝ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը։
Կարծիքներ