Դպրոցում եղել և լինելու է մեկ տնօրեն, մեկ լիդեր. դա բովանդակության պատասխանատուն է. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կառավարության կողմից հաստատված և Ազգային ժողով ներկայացված ‹‹Հանրակրթության մասին›› նոր օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների քննարկման նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուների և մի խումբ տնօրենների հետ:
Հանդիպման սկզբում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հակիրճ անդրադարձել է ձեռնարկված փոփոխություններին, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցների կառավարմանն առնչվող դրույթներին:
«Մեր հիմնական նպատակը ձեր դիտարկումները լսելն է. մենք ուզում ենք պարզաբանել ձեր կողմից բարձրացված հարցերը, ինչպես նաև քննարկել ձեր առաջարկները: Նախաձեռնած բոլոր փոփոխությունները ունեն մեկ նպատակ` բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը և կրթության որակը: Մենք բոլորովին չենք պնդում, որ ընտրված եղանակները լավագույնն են կամ անսխալական, բայց համոզմունք ունենք, որ փոփոխություններն ուշացած են, քանի որ համակարգի առջև ծառացած խնդիրներն են ստիպում գնալ փոփոխությունների:
Վերլուծություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ պետությունը դպրոցի տնօրենից պահանջում է ամեն ինչ` և՛ կրթության որակ, և՛ շենքային պայմանների բարելավում, և՛ ֆինանսատնտեսական կառավարում: Ամեն ինչ պահանջելը իրատեսական չէ: Պահանջը պետք է լինի թիրախային, որպեսզի արդյունքը ևս լինի թիրախային և չափելի: Հստակեցնելով գործառույթները` մենք ուզում ենք դպրոցի տնօրենի առջև դնել միայն կրթության որակի բարձրացման պահանջ: Այդ նպատակով մենք ուզում ենք դպրոցի տնօրենի գործառույթից տարանջատել կրթության որակի հետ ուղղակի կապ չունեցող տեխնիկական բնույթի հարցերը` նրա վրա թողնելով միայն կրթության որակի ապահովման պատասխանատվությունը: Կարծում ենք, որ այս դեպքում պետության պահանջը տնօրենից կլինի ավելի հստակ և չափելի: Իսկ մնացած հարցերը` շենքային պայմանների բարելավում, սպասարկում և այլն, կիրականացվի մասնագիտացված ծառայության կողմից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախագծով առաջարկվում է փոխել նաև տնօրենի ընտրության կարգը` սահմանելով նշանակման կարգ, որը կհաստատվի կառավարության որոշմամբ: Այժմ գործող հավաստագրման պահանջը կպահպանվի: Տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ, որին կկարողանան մասնակցել հավաստագրված թեկնածուները` ներկայացնելով զարգացման ծրագրեր: Կլինի մասնագիտացված խորհուրդ, որը, գնահատելով զարգացման ծրագիրը, հաշվի առնելով մանկավարժական և ծնողական համայնքների կարծիքները, կկատարի տնօրենի ընտրություն կամ նշանակում: Այդ կերպ դպրոցների կառավարման խորհուրդները կձերբազատվեն տնօրենի ընտրության գործընթացից և կզբաղվեն իրենց վերապահված մնացած խնդիրներով: Դպրոցների խորհուրդներն այժմ առավելապես կենտրոնացած են տնօրենի ընտրության հարցի վրա, որը նրանց վերապահված գործառույթներից մեկն է միայն:
Դպրոցի տնօրենի համար նախատեսվել է ատեստավորման հնարավորություն` ազատելով նրան պարբերաբար հավաստագրման քննություն հանձնելու և կրկին ընտրության մասնակցելու գործընթացից: «Տնօրենները հնարավորություն կունենան պարբերաբար ատեստավորվելու և պաշտոնավարելու մինչև օրենքով սահմանված տարիքը` 65 տարին լրանալը: Մեզ համար շատ կարևոր է ունենալ լավ տնօրեններ, և լավ արդյունք ցույց տալու դեպքում՝ նրանց հետ շարունակել աշխատանքը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ ատեստավորման հիմքում դրվելու է դպրոցի զարգացման ծրագրի կատարողականը:
Ըստ փոխնախարարի` զուգահեռաբար կփոխվեն նաև զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները` սահմանելով կրթության բովանդակային հարցերին առնչվող չափանիշներ: «Օրինակ, եթե որևէ դպրոցում բավարար առաջադիմության պահանջներին չի համապատասխանում սովորողների որոշակի տոկոսից ավելին, կնշանակի այդ հաստատությունում ուսումնական արդյունավետ գործընթաց չի կազմակերպվել, և դրա համար դպրոցի տնօրենը պետք է կրի պատասխանատվություն»,- նշել է նախարարի տեղակալը:
Անդրադառնալով մտահոգությանը, թե առաջարկվող փոփոխությունների հետևանքով դպրոցում կարող է երկիշխանություն առաջանալ` Ժաննա Անդրեասյանը ընգծել է. «Չի կարող հարց առաջանալ, թե ով է լինելու դպրոցում իրադրության տերը: Իրադրության տերը բովանդակության պատասխանատուն է: Դպրոցում եղել և լինելու է մեկ տնօրեն, մեկ լիդեր, դա բովանդակության պատասխանատուն է, այն անձը, որից պետությունը պահանջում է կրթության որակ: Մյուս անձը լինելու է վարչական և տնտեսական մենեջեր, որն իր գործունեությամբ պետք է ծառայություն մատուցի մի քանի դպրոցի` իրականացնելով գույքի պահպանության, սպասարկման և այլ գործառույթներ: Դպրոցի տնօրենի աշխատանքը գնահատելու համար նրանից նորոգված դուռ կամ նստարան պահանջել պետք չէ: Նրանից պետք է պատասխանատվություն պահանջել սովորողի ստացած գիտելիքի համար»:
Նախարարի տեղակալը նաև նշել է, որ ձեռնարկված ռեֆորմը բարդ է, ուստի այն կյանքի կոչելու համար նախանշված է անցումային փուլ: Օրենքի ընդունումից հետո գործող տնօրենները կշարունակեն աշխատել, նրանց գործառույթները որոշակիորեն կվերանայվեն, ըստ այդմ՝ կփոխվի նաև աշխատանքի նկարագիրը: Նախագծի ընդունման դեպքում կառավարման մոդելին և տնօրենի գործառույթներին առնչվող դրույթները ուժի մեջ կմտնեն 2023 թվականից:
Պատասխանելով հարցին, թե ուսումնական գծով տեղակալների գործառույթները արդյոք չեն կրկնի տնօրենին` նախարարի տեղակալը նշել է, որ կառավարման նոր մոդելի ներդրման դեպքում ևս տնօրենի տեղակալի հաստիքի անհրաժեշտությունը լինելու է. « Մեր նպատակը ոչ թե կրճատելն է, այլ աշխատանքի բովանդակությունն ու ձևը փոխելը»:
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների ընդունման դեպքում մի շարք ենթաօրենսդրական ակտերում ևս փոփոխությունների կարիք է առաջանալու: Նախատեսվում է նաև վերանայել դասարաններում աշակերտների առավելագույն ծանրաբեռնվածության հարցը` փոխելով ֆինանսավորման կարգը: Դպրոցի ֆինանսավորման բարելավման համատեքստում նախատեսվում է նաև ուսուցչի դրույքաչափի բարձրացում` որի վրա կկիրառվի նաև կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգի հավելավճարը:
Կարծիքներ