Այսօր առավել քան կարեւոր է մեր միասնությունը, Սասուն Միքայելյանի շնորհավորական ուղերձը՝ երկրապահի օրվա կապակցությամբ
Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը ուղերձ է հղել երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Նախորդ դարավերջին չունեինք բանակ, բայց Սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացավ համախմբել մեզ եւ մենք միասնական կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը: Այսօր երկրապահները, կամավորականները, ազատամարտիկները հավատում են, որ նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ կրկին կունենանք:
Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին:
Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ:
Տոնդ շնորհավո՛ր, Սպարապետ:
Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել ենք բազում փորձություններ.
Սպարապե՛տ, մենք հավատարիմ ենք մնալու մեր առաքելությանն ու Քո պատգամին:
Այսօր մեր շարքերը համալրվում են երիտասարդներով եւ պատանի երկրապահներով:
Սիրելի՛ պատանի երկրապահներ, հավատում եմ, որ Դուք մեր արժանի հետնորդները կդառնաք:
Երկրապահի օրվա եւ մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին:
Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ:
Մենք այդպես էլ չսովորեցինք դասեր քաղել մեր թույլ տված սխալներից:
Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է:
Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչեւ մեր խիզախ զինվոր:
Սիրելի՛ հայրենակիցներ
Պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարեւոր է մեր միասնությունը, համախմբվածությունը:
Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը:
Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի:
Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»:
Սիրելի՛ հայրենակիցներ
Եկեք միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով եւ արհավիրքներով անցնող մեր հայրենիքը:
Հավերժ փա՛ռք նահատակված քաջերին,
Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին,
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին,
Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
Աստված պահապան մեր ազգին»։
Կարծիքներ