Հակամարտության սկզբից Գազայում չորս բնակելի բարձրահարկ է ավերվել
Իսրայելի հարվածները Գազայի հատվածին հոկտեմբերի 7-ի էսկալացիայի սկզբից հանգեցրել են չորս բարձրահարկ բնակելի շենքերի ավերման, ընդհանուր առմամբ ավերվել է 159 տուն, ավելի քան 1,2 հազարը վնասվել է։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):
«Իսրայելական օդային և հրետանային հարվածների թիրախ են դարձել Գազայում գտնվող տները և բնակելի շենքերը: Մի շարք դեպքերում, ըստ առկա տեղեկությունների, հարվածներն իրականացվել են առանց բնակիչներին նախապես զգուշացնելու տարհանման անհրաժեշտության մասին: Գազայում չորս մեծ բազմահարկ բնակելի շենքեր ամբողջությամբ ավերվել են՝ Պաղեստինը և Ալ-Հաշիմ աշտարակները, Վաթթան և Ալ-Աքլուկը: Իսրայելական ուժերը նախապես տեղեկացրել են բնակիչներին, և այդ միջադեպերի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան: Ավերվել է 159 բնակելի շենք, ևս 1210 տուն վնասվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարձակումների հետեւանքով վնասվել է Գազայի ջրամատակարարման համակարգը։ Ավելի քան 400 հազար մարդ դժվարություններ ունի ջրի, հիգիենայի և սանիտարական կարիքների հետ կապված:
Իսրայելի կողմից Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով էլեկտրաէներգիան մատակարարվում է օրական երեք-չորս ժամով, սակայն էլեկտրաէներգիա ապահովող Գազայի էլեկտրակայանը վառելիքի պակասի պատճառով առաջիկա օրերին կարող է դադարեցնել աշխատանքը։
Կարծիքներ