Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:00-ի դրությամբ
Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:00-ի դրությամբ:
‼️Կեսօրից հետո ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական ԱԹՍ-ներ, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ: Դրանից հետո մեքենայով օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները, որոնք մեքենային ևս հարված է հասցվել։
Բարեբախտաբար աշխատակիցները չեն տուժել: Օրվա ընթացքում հայկական զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից: Ի դեպ, մեկ տարածքում չեն եղել բոլոր դիակները։
Ադրբեջանական մամուլի հայտարարությունն այս թեմայով իրարամերժ եւ հակասական է, քանի որ եթե այդ տարածքներն իրենցն էին, ապա դիակներն ինչու էին մնացել այդքան ժամանակ, և եթե անգամ իրենց տարածքում էին, ինչպես են մնացել մեր վերահսկողության տակ և մեր կողմից պետք էր թույլտվություն և կրակի դադարեցում, որպեսզի այդ դիակները հանվեն:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ի պատասխան հայկական տիրույթում մասնավոր, անհատ մարդկանց հայտարարություններին, թե պետք է հարվածներ հասցնելու Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտներին, հայտարարեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին։ Մինչդեռ ՀՀ ԶՈւ մարմինները որևէ պաշտոնական հաղորդագրություն, որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել քաղաքացիական, ռազմավարական օբյեկտին հարվածելու մասին: Ավելին, Ադրբեջանի գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր զինված ուժերի կողմից:
‼️Վաղ առավոտից ռմբակոծվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակավայրերը՝ հինականում սահմանամերձ բնակավայրերը, Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։ Համայնքի քաղպաշտպանության համակարգը բավականին լավ է աշխատել և նաև դրա շնորհիվ է, որ մինչև օրվա երկրորդ կես հնարավոր եղավ խուսափել մարդկային կորուստներից։ Ցավոք օրվա երկրորդ կեսին ունեցանք վիրավոր Չինարի գյուղի շրջակայքում։
Օրվա երկրորդ կեսից պատսպարման և քաղպաշտպանության գործողությունները հիմնված էին ԱԹՍ-ից պատսպարվելու պահանջի վրա։ Սա նորություն էր համայնքների բնակիչների համար, որովհետև եթե այլ հրետակոծումների ժամանակ թշնամին տեսանելի է և կան պատսպարվելու վայրեր, այս պարագայում թիրախավորված էր ամբողջ տարածաշրջանը։
Իրականացվել է ապաստարանային միջոցների համալրում։ Այս աշխատանքները կիրականացվեն նաև առաջիկա օրերին՝ ծածկոցներ, ջրի ապահովման համակարգեր, լապտերներ, որոնք հնարավորություն կտան վատ պայմաններում ունենալ բավարար վիճակ մարդկանց պատսպարելու և իրենց կենսագործունեությունն ապաստարաններում ապահովելու համար։ Այսօրվա թռչող սարքերի վտանգը թույլ չտվեց ավելի շատ աշխատանք իրականացրել հասցված վնասը գնահատելու գործում, բայց կարողացանք արձանագրել բոլոր դեպքերը։
Ընդհանուր առմամբ այս օրերի ընթացում եղել է 51 դեպք, որոնցից 4-ի դեպքում վնասվել են ենթակառուցվածքներ, 4-ը՝ տրանսպորտային միջոցներ, 2-ը ընտանի կենդանիներ և 41-ը շինություններ։ 41 շինությունից 29-ը վնասվել են մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում։ Այս շինություններից երկուսը ենթակա են լիարժեք վերականգնման, մնացածը հնարավոր կլինի վերականգնել հիմնանորոգման միջոցով։ Վնասված ենթակառուցվածքների խնդիրը մասամբ լուծվել է, մնացել է 2 ջրագիծ, որոնց վերականգնումը պահանջում է ավելի անվտանգ միջավայր։
Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Կարծիքներ