Ադրբեջանական կողմը փորձում է ձևավորել վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն. Արցախի դատախազություն
ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են 2021թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները: Այս մասին նշված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձում է նմանատիպ արարքներով ահաբեկել խաղաղ բնակչությանը, պահել լարվածության մեջ` հասկանալի նպատակներով այդ կերպ փորձելով ձևավորել անընդհատ վտանգի, վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն»,-ընդգծում են դատախազությունից:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նշենք՝ այսօր ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։
Կարծիքներ