ՀՀ ԳԱԱ-ի աջակցությամբ նոր գիտական ուղղություններ կզարգանան Արցախում

ՀՀ ԳԱԱ-ի աջակցությամբ նոր գիտական ուղղություններ կզարգանան Արցախում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ս.թ. օգոստոսի 16-17-ին Արցախում հանդիպումներ է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի, ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և Արցախի գիտական կենտրոնի  տնօրեն Անյուտա Սարգսյանի հետ:

ԳԱԱ-ից հայտնում են, որ քննարկվել են Արցախի գիտական կենտրոնի զարգացման և ուժեղացման հարցերը, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Արցախի գիտական կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ ակտիվ մասնակցությամբ: Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ   էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի  աջակցությամբ ստեղծվել են առաջին գիտական լաբորատորիաներն Արցախում:

«Կենսաբանական և քիմիական ուղղություններով լաբորատորիաների հիմնական աշխատանքներն ուղղված են կենսատեխնոլոգիական հետազոտություններին: Լաբորատորիաները գործում են նաև ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագրերի շնորհիվ: Համագործակցության շրջանակներում արդեն ութ գիտությունների թեկնածու է պատրաստվել, ովքեր այսօր կենտրոնում աշխատում են»,- ասել է Աշոտ Սաղյանը:

Նա ընդգծել է, որ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքներն աստիճանաբար ուղղվում են դեպի ապրանքայնացում, ինչը շատ կարևոր է Արցախի տնտեսության զարգացման և նոր տեխնոլոգիաների ներդրման համար:

«Մինչև այս տարվա վերջ կենտրոնը կտա իր առաջին արտադրանքը՝ «Նարնե պլյուս» կաթնաթթվային մթերքը՝ արտադրված հենց Արցախի բնական աղբյուրներից անջատված կաթնաթթվային շտամների հիմքի վրա: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ կկազմակերպվի փոքրածավալ արտադրություն, որը լիարժեք կբավարարի ամբողջ Արցախի պահանջարկը»,- հավելել է նա:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների աջակցությամբ  Արցախի գիտական կենտրոնում նոր գիտական ուղղություններով լաբորատորիաների ստեղծման հնարավորությունները: Նախատեսվում է   ստեղծել  երկրաբանության, ռադիոֆիզիկայի, ֆիզիոլոգիայի, աստղաբանության ուղղություններով նոր գիտական  խմբեր կամ լաբորատորիաներ:

«Այն գիտական ուղղությունները, որոնք ընտրվում են Արցախի գիտական կենտրոնի համար, բխում են Արցախի տնտեսության զարգացման հեռանկարներից՝ գյուղատնտեսության, ռազմական պաշտպանության համակարգի ամրապնդման և այլ հարցերի հետ կապված»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցեր կազմակերպել ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ և Արցախի գիտական կենտրոն հետագա ծրագրերի մշակման և համագործակցության ընդլայնման համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում