«Երևանյան բեսթսելեր». Սարոյանի գործերն ամենապահանջվածներն են. Թարգմանական, հոկտեմբեր, 2020

«Երևանյան բեսթսելեր». Սարոյանի գործերն ամենապահանջվածներն են. Թարգմանական, հոկտեմբեր, 2020

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է հոկտեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչն է Արփի Աթաբեկյանը:

Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը երկրորդ տեղում է: Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝  երաշտ, սով, երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից  ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ  արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության  առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը,  պետք է որոշի՝ շարունակե՞լ կյանքը Վասիլի հետ, թե՞ ոչ։ Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կոլորիտային մանրամասներով: Թարգմանությունը՝ Նաիրի Խաչատրյանի։

Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկոն»: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է: Թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:

Չորրորդ տեղում Ուիլյամ Սարոյանի  «Հայրիկ, դու խենթ ես»  վիպակն է: Այն Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Հինգերորդ հորիզոնականում է Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»։ Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, պատերազմ է մեկնել, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածների հարազատներին։ Թարգմանեց Նունե Թորոսյանը։

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու... Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Յոթերորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Թարգմանությունը՝ Լուսինե Հարոյանի:

Ութերորդ տեղում է Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» գիրքը: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախն անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Իններորդ հորիզոնականն է զբաղեցնում ամերիկյան գրականության դասական Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»: Այն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի:

Տասնյակը եզրափակում է «դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը։ 1936թ. լույս տեսած այս ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանն իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում