Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում բուժաշխատողների աշխատավարձի վերանայման մասին

Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում բուժաշխատողների աշխատավարձի վերանայման մասին

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց դեկտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքվեց, թե համակարգի ներդրման արդյունքում, երբ առաջնային օղակի աշխատանքը կայունորեն ավելանալու է, արդյոք նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում, և եթե այո՝ ապա ինչ մեխանիզմով։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ վերջին տարիներին բոնուսային համակարգերի կիրառումը տեսանելիորեն փոխել է աշխատավարձերի պատկերը, սակայն առաջնային օղակի մի շարք մասնագետների՝ թերապևտների, ընտանեկան բժիշկների, մանկաբույժների և նեղ մասնագետների աշխատավարձերի փոփոխության հարց դեռևս մնում է ակտուալ։

«Ապահովագրության փաթեթի մեջ ներառվող ծառայությունների տրամաբանությունն է որոշակիորեն փոխվում։ Առաջնային օղակում կսկսեն ստանալ նաև ծառայության վճարներ՝ կոնկրետ դեպքի սպասարկման համար։ Տեսեք՝ ծավալը և հիվանդների հոսքը մեծանալու են։ Այդ հոսքի մի մասը կվճարվի per capita (բնակչության մեկ շնչի հաշվով) սկզբունքով, բայց կլինեն նաև վճարումներ կոնկրետ ծառայությունների դիմաց։ Այսինքն՝ որքան շատ ծառայություն մատուցի բժիշկը, այնքան ավելի մեծ կլինի հաստատության հասույթը, և աշխատավարձերի վերանայման հնարավորություններն այստեղ զգալիորեն մեծանում են, այդ թվում՝ բուժքույրերի համար։

Այո՛, աշխատավարձերի վերանայում անխուսափելի է և միանշանակ սպասվում է»,– ասաց նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում