Ժաննա Անդրեասյանը Մարեկ Պալուսին ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մրցաշարերը

Ժաննա Անդրեասյանը Մարեկ Պալուսին ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մրցաշարերը

Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Մարեկ Պալուսի հետ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայկական պատվիրակության անդամները շրջել են կոմիտեի մարզական թանգարանում, ծանոթացել լեհական սպորտի պատմությանը, նվաճումներին և գրանցած արդյունքներին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Լեհաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։ Կողմերը քննարկել են սպորտի ֆինանսավորման և կառավարման համակարգերին, ազգային ֆեդերացիաների դերակատարության բարձրացմանը, հաշվետվողականությանը և միջազգային սպորտային կառույցների հետ կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը հետևողական քայլեր է կատարում համաշխարհային սպորտային քարտեզում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարը ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մրցաշարերը՝ ընդգծելով, որ Լեհաստանի Հանրապետության մարզիկների մասնակցությունը ևս խրախուսելի է։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել 2026 թվականին Երևանում անցկացվելիք սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությանը, 2027 թվականին նախատեսված մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, ծանրամարտի աշխարհի առաջնությանը, Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական մարզամշակութային խաղերին, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր մարզաձևերում համատեղ ուսումնամարզական հավաքների և մարզումների կազմակերպման հնարավորությունները: Կողմերը կարևորել են նաև առողջ ապրելակերպի խթանմանը և մասսայական սպորտի զարգացմանը միտված նախաձեռնությունները՝ ներկայացնելով երկուստեք փորձն այս ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում