Առերևույթ ավելի քան 22 մլն դրամի հափշտակություն Ստեփանավանի համայնքապետարանում. հարուցվել է քրգործ

Առերևույթ ավելի քան 22 մլն դրամի հափշտակություն Ստեփանավանի համայնքապետարանում. հարուցվել է քրգործ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 2016-2020 թթ. ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի  և աղբահանության վճարների հավաքագրման գործընթացները:

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2021 թ. իրականացված ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից փոխադրամիջոցների գույքահարկի փաստացի հավաքագրման ընդհանուր չափը 2018-2020 թթ. կազմել է մոտ 123.4 մլն ՀՀ դրամ: Մինչդեռ համայնքի բյուջե է մուտքագրվել մոտ 114 մլն ՀՀ դրամ կամ  9.4 մլն ՀՀ դրամով պակաս:

Բացի այդ, 2016-2020 թթ. համայնքի աղբահանության վճարների հավաքագրման ընդհանուր չափը կազմել է 133 մլն ՀՀ դրամ, սակայն համայնքի բյուջե է մուտքագրվել 120.4 մլն ՀՀ դրամ կամ մոտ 12.7 մլն ՀՀ դրամով պակաս:

Փաստորեն Ստեփանավան համայնքի պատասխանատու պաշտոնատար անձինք, 2016-2020 թթ. համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի և աղբահանության վճարների գծով փաստացի հավաքագրելով ընդհանուր շուրջ 256.5 մլն դրամ, համայնքի բյուջե են մուտքագրել միայն մոտ 234.4 մլն ՀՀ դրամ, այսինքն՝ առերևույթ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 22 մլն ՀՀ դրամ գումար:

Նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության առերևույթ հանցագործության մասին տվյալներ և անհրաժեշտ է կատարվածի ամբողջական հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում