ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. քննարկվել են զինծառայողի բուժման հետ կապված հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 5-ին այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
«Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել հոսպիտալ տեղափոխված զինծառայողի իրավունքների վիճակը, ինչի կապակցությամբ ստացվել էր նաև ահազանգ:
Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում պարզաբանվել են նրա իրավունքների իրացման հնարավորությունները: Նշվել է, որ Պաշտպանը մշտապես հետևողական ու արձագանքող է զինծառայողների և նրանց ծնողների բարձրացրած խնդիրներին:
Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողի բուժման ու փորձաքննության հետ կապված հարցեր:
Զինծառայողների առողջական վիճակի և պատշաճ բուժօգնության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, զինվորական հոսպիտալներ այցերը կրում են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ