«Արթուր Աելքսանյանի» անվան մարզադպրոցը կկառուցվի 10 հա տարածքի վրա
Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր` հուլիսի 17-ին կայացավ Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի կառուցման նախագծի եւ նախատեսվող գործունեությունից շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցությունների վերաբերյալ հանրային բաց լսում-քննարկումը:
Նախագիծը ներկայացրեց Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը։ Նրա խոսքերով նախատեսված է 10 հա տարածքի վրա հիմնել մարզադպրոց։ Շինությունը ունենալու է մրցումային միջոցառումների անցկացման մեծ դահլիճ 1140 նստատեղով, լինելու է մարզումային պրոցեսի համար մարզադահլիճ, ինչպես նաև 6 գորգ ըմբշամարտի համար, որը բացառիկ է հանրապետության մասշտաբով և այլ շինություններ, որոնցից երկրորդը հանրապետությունում չկա։
Կլինեն նաև հյուրանոցային տարբեր համարներ նախատեսված հյուրերի համար։ Գևորգ Ալեքսանյանը իր խոսքում նշեց, որ Կառավարությունն է հատուկ պահանջել, որ հատկացվի մեծ տարածք, որտեղ կկառուցվի այդ մարզադպրոցը։ Այն իր դիրքով շատ հարմար է մարզիկների տրանսպորտով տեղաշարժման համար։
Համայնքապետ Սամվել Բալասանյանն էլ իր խոսքում նշեց, որ սա եզակի կառույց է լինելու Մովսես Խորենացի փողոցին հարող տարածքում։ Շնորհակալություն կառավարությանը համաձայնություն տալու համար, ինչպես նաև Ալեքանյանների ընտանիքին, որոնց շնորհիվ մենք կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային հզոր պալատ։
Նիստի ավարտին քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկեց ներկաներին այլ առաջարկություններ ունենալու դեպքում իրենց տեսակետները գրավոր ներկայացնել հանրային քարտուղարին հետագայում քննարկելու համար։
Կարծիքներ