Հայկական Կարմիր խաչի Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներից 56-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրանցից երեքը մահացել են
Նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվել Հայկական Կարմիր խաչի Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում (Գյումրու նախկին տուն-ինտերնատ)։
Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը freenews.am-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ կառույցում անցկացվել է 151 թեստավորում խնամյալների և 66 աշխատողների շրջանում, նրանցից երեկվա դրությամբ 55 տարեց էր հիվանդ և 12 աշխատակից, 37 տարեց և ևս մեկ աշխատող տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ պատասխանատուի այժմ կա 18 մեկուսացված։ Նունե Գրիգորյանի խոսքերով բացի վերոհիշյալ հիվանդներից կար ևս մեկ հիվանդ, որը բուժում էր ստանում այլ հիվանդություններով պայմանավորված Գյումրի քաղաքում, նրա մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս, այս պահի դրությամբ պացիենտների թիվը խնամքի կենտրոնի շահառուների շրջանում հասավ 56-ի։ Տարեցները հիմնականում 65-ից բարձր տարիքի են։ Հիվանդանոցում գտնվող պացիենտների վիճակը այս պահի դրությամբ միջին ծանրության է։ Ցավոք վերջին երկու օրերի ընթացքում արձանագրվել է նաև մահվան երեք դեպք, նրանք ունեցել են քրոնիկ այլ հիվանդություններ։
Հարցին թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվում համավարակի տարածումը տարեցների շրջանում կանխարգելելու ուղղությամբ, Ն․Գրիգորյանը պատասխանեց․
Կառույցում առանձնացվել է սենյակ, որը կահավորվել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղի մասնագետների հետ միասին, որպեսզի հակահամաճարակային միջոցառումները ճիշտ իրականացվեն։
Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը freenews-ի հետ զրույցում նշեց, որ տարեցները գրանցված են Վ․Աբաջյանի անվան թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարվել է հսկողություն իրականացնել, այնպես ինչպես տնային պայմաններում բուժվողների նկատմամբ են հսկողություն իրականացնում, նույն սկզբունքով պիտի մոտենան նաև ծերանոցի շահառուներին։ Ամենօրյա տեղեկատվություն պետք է վերցնեն, ջերմաչափում, կարիքի դեպքում՝ հիվանդի զննում։
Կարծիքներ