Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը. ԱՆ

Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը. ԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում, իսկ եվրոպական տարածաշրջանում աճում է օմիկրոնի մի քանի ենթատեսակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, հիմնականում շրջանառվում են օմիկրոնի BA.2.86 (Pirola) և EG.5 (Eris) տարբերակները։

 

Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը: Սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի 71 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ (42 դեպք) աճել է 29-ով:

 

Թեստավորման դրական արդյունքները ևս նախորդ շաբաթվա համեմատ աճել են` կազմելով 29.1% (նախորդ շաբաթ՝ 28.4%):

 

Հաշվի առնելով, որ կանխատեսվում է սուր շնչառական վարակների (ՍՇՎ), ներառյալ կորոնվիրուսային հիվանդության, սեզոնային հիվանդացության և հոսպիտալացման աճ, ԱՀԿ-ն շարունակում է խրախուսել բոլոր երկրներին մեծացնել հսկողությունը, COVID-19-ի նկատմամբ թեստավորումը, սեկվենավորումը՝ շրջանառվող նոր տարբերակների ռիսկը գնահատելու համար:

 

Հայաստանում ՍՇՎ և կորոնավիրուսային հիվանդության դեպքերը կանխարգելելու և վաղ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`

 

պատվաստվել սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանդության դեմ.
 

սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշանների դեպքում՝ ջերմության բարձրացում (մինչև 38-400C), գլխացավ, մկանային ցավ, կոտրտվածության զգացում, կոկորդի ցավ, չոր հազ, քթահոսություն, դիմել բժշկական կազմակերպություն կորոնավիրուսային հիվանդության թեստավորման և ժամանակին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով:

 

Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական կազմակերպություններում COVID-19-ի վաղ հայտնաբերման նպատակով այժմ ՍՇՎ-ով պացիենտների շրջանում իրականացվում են կասկածելի դեպքերի թեստավորում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում