Չկա ռուբլով վճարում, չկա գազ. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանը մտադիր չէ բարեգործությամբ զբաղվել և Եվրոպային անվճար մատակարարել իր բնական գազը, ամերիկյան PBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան, եթե ԵՄ-ն հրաժարվի այդ մատակարարումների համար վճարել ռուբլով, կուսումնասիրի իրավիճակը և հետագա որոշումներ կկայացնի։
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի, երբ նրանք մերժեն այս հնարավորությունը: Երբ մենք իմանանք վերջնական որոշումը, կուսումնասիրենք, թե ինչ կարելի է անել: Սակայն մենք միանշանակ մտադիր չենք այս առումով բարեգործությամբ զբաղվել, անվճար գազ ուղարկել Արևմտյան Եվրոպա»,- ասել է ՌԴ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով արևմտյան երկրների հայտարարությունները, թե իրենք չեն պատրաստվում ռուբլով վճարել ռուսական գազի համար․ «Չկա վճարում, չկա գազ»։
Նա նորից պնդել է, որ Արևմուտքի պետությունները իրականում լայնամասշտաբ տնտեսական պատերազմ են սանձազերծել Ռուսաստանի դեմ։
Մարտի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը, Ռուսաստանի բանկին և «Գազպրոմ» ՓԲԸ-ին մինչև մարտի 31-ը միջոցներ ձեռնարկել անբարյացակամ երկրների հետ գազի համար վճարումները ռուբլով ստանալու համար։
Կարծիքներ