Արմեն Աշոտյանի կալանքի հարցով դատարանը որոշում կկայացնի այսօր
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն ավարտվել է: Որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 12:00-ին:
Այս մասին իր էջում հայտնել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահը տեղափոխել է ձերբակալվածների պահման վայր:
Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է երեկ, դատարանը քննում է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերեւույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Պարզաբանելով տեղեկությունները, ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր մանրամասներ Արմեն Աշոտյանի ձերբակալման պատճառի, ինչպես նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի հետ կապված գործունեության վերաբերյալ:
Նշվում էր, որ Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:
Կարծիքներ