ԵԽԽՎ-ն չի կարող լուռ մնալ Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթի ֆոնին. Հայդուկովիչ
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ քննարկում: Խորվաթ պատգամավոր Դոմագոյ Հայդուկովիչը ներկայացրել է թեմայի վերաբերյալ իր զեկույցը, նշել՝ Վեհաժողովը չի կարող լուռ մնալ Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթի ֆոնին:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված մեր գործընկերներից ոչ ոք, կարծում եմ, առարկություն չունի: Այնուամենայնիվ, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նաև պատասխանատվություն են ենթադրում այնտեղ տեղի ունեցած գործողությունների և այնտեղ ապրող մարդկանց պաշտպանության համար: Ցավալի է տեսնել հայերի զանգվածային արտագաղթը այնտեղից անվստահության և վախի պատճառով, որը կուտակվել է հակամարտության 30 տարիների և մարդասիրական ճգնաժամի 10 ամիսների ընթացքում»,- նշել է զեկուցողը:
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի անկեղծ, ոչ երկիմաստ և անհապաղ գործողություններ՝ ցույց տալու իր պատրաստակամությունը՝ ապահովելու հայ բնակչության անվտանգ վերադարձ և իրավունքների պաշտպանություն:
Նա նշել է, որ խաղաղության համար անհրաժեշտ է երկխոսություն: Հայդուկովիչի խոսքով՝ դա բխում է Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ հայերի շահերից: Նրա խոսքով՝ դա անկեղծություն է պահանջում, հատկապես՝ Ադրբեջանի կողմից:
Հայդուկովիչը հույս է հայտնել, որ իր ներկայացրած զեկույցն առաջին քայլը կլինի խաղաղության գործընթացին ընդառաջ: Նա նաև նշել է, որ ցանկանում է տեսնել ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ կազմակերպությունների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում:
Կարծիքներ