Երկու անձի մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթի տարբեր հանցակազմերով. Դատախազություն

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթի տարբեր հանցակազմերով. Դատախազություն

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ 27.08.2020թ. ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասի և 223.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական, դատավարական այլ և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ պարտապան Ս.Ս.-ն, սնանկության գործով կառավարչից տեղեկանալով սեփականության իրավունքով իրեն պատկանող և բանկում գրավադրված ավտոմեքենան աճուրդով այլ անձի վաճառված լինելու հանգամանքի վերաբերյալ, բջջային հեռախոսահամարով կապ է հաստատել վերջինիս հետ և առաջարկել ավտոմեքենայի դիմաց ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնել՝ միաժամանակ փորձելով նրա հետ հանդիպել:

Սակայն գնորդի կողմից մերժում ստանալով՝ այդ անձը նշյալ վեճը լուծելու խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գողական աշխարհի ներկայացուցիչ, Գյումրի քաղաքում «քրեական հեղինակություն» հանդիսացող Տ.Ն.-ի օգնությանը՝ ավտոմեքենան գնորդին չհանձնելու, ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնելու և իր տիրապետության տակ թողնելու կապակցությամբ համապատասխան գործողություններ կատարելու համար:

Մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը և ներգրավվելով դրանում՝ «քրեական հեղինակություն» հանդիսացող անձն իր հերթին բջջային հեռախոսահամարով զանգահարել է աճուրդում հաղթող ճանաչված գնորդին և փորձել հանդիպել վերջինիս հետ՝ նրա կողմից գնված ավտոմեքենայի հետ կապված պարզաբանումներ կատարելու, այդ մեքենան նախկին սեփականատիրոջը վերադարձնելու համար, ինչը, սակայն, մերժվել է գնորդի կողմից։

Հիմնվելով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության վրա՝ նշված քրեական գործով 06.08.2020թ. վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս.Ս.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական  օրենսգրքի  223.4-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր արարքը կատարելու համար:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի  223.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանցավոր արարքները կատարելու համար:

Վերջինիս նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 2 մլն դրամի չափով, միաժամանակ, ապահովելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջները՝ մինչև գրավի մուծման մասին ապացույցներ ստանալը մեղադրյալի նկատմամբ կիրառվել է նաև ստորագրություն չհեռանալու մասին:

Դատախազական պատշաճ և հետևողական հսկողության ներքո քրեական գործով նախաքննությունը շարունակվում է;   

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    

   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում