ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Տավուշում ՊՆ զորամասի շտաբի պետի և պարեկների մասնակցությամբ միջադեպից
Մամուլում լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն՝ երեկ՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզում ՊՆ N զորամասի շտաբի պետի, նրա ընկերների և պարեկների միջև միջադեպ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է՝ shamshyan.com-ը, ժամը 19։30-ի սահմաններում պարեկները ծառայություն կատարելիս Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։
Ըստ սկզբնաղբյուրի՝ երբ պարեկները փորձել են ավտոմեքենան տեղափոխել Ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք, ուղևոր 20-ամյա Վարդան Պ․-ն փորձել է համոզել, որ չտեսնելու տան այդ ամենը և ավտոմեքենան չտեղափոխեն տուգանային հրապարակ։ Նա նաև հայտնել է, որ մեքենան էլ «ուրիշ մարդու» չի պատկանում, պաշտոնյայի է։
Պարեկները, այնուամենայնիվ, հորդորել են Վարդան Պ․-ին, որ չխոչընդոտի իրենց աշխատանքին և ավտոմեքենան տեղափոխել են Ոստիկանության Բերդի բաժին։
Հասնելով «Ուտիք» ռեստորանային համալիրի մոտ՝ մի պահ կանգ են առել, և այդ պահին ռեստորանից դուրս են եկել մի խումբ անձինք, այդ թվում՝ զինվորականներ, և նրանց մեջ է եղել 38-ամյա Միհրան Խ․-ն։ Վերջինս մոտեցել է պարեկներին և պահանջել, որ տեսախցիկներն անջատեն։ Սակայն, ըստ սկզբնաղբյուրի, պարեկներից մերժում ստանալով, սկսել է հայհոյանքներ հնչեցնել։ Եվ այդ պահին ևս 2 հոգի, որոնցից մեկը Միհրան Խ․-ի հորեղբոր որդի 23-ամյա Գագիկ Պ․-ն է, հարձակվել են պարեկների վրա և ձեռքերով հարվածներ հասցրել նրանցից մեկին։
Պարեկները մի քանի անգամ հորդորել են, որ չշարունակեն հակաօրինական գործողությունները, դադարեցնեն դրանք և չխոչընդոտեն իրենց օրինական աշխատանքին, սակայն օգուտ չի տվել։ Պարեկները ստիպված կիրառել են հատուկ միջոց՝ ցրիչ պղպեղային միջոց և ձեռնաշղթա։
Ի վերջո, պարեկներին հաջողվել է նրանց տեղափոխել Ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ անձինք ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժին։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում հաստատեց, որ նման միջադեպ է եղել Տավուշի մարզում՝ այլ մանրամասներ չհաղորդելով:
«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ ՔՕ 452 հոդվածի 3-րդ մասի և 297 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (պաշտոնական անձի ծառայողական գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանություն)։ Այս պահին երեք անձ ձերբակալված է»,- ասաց նա։
Կարծիքներ