Պատգամավոր Ծովինար Վարդանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութով

Պատգամավոր Ծովինար Վարդանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութով: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ պատվաստվել է կամավոր, իր ցանկությամբ:

Հարցին, թե ինչո՞ւ է պատգամավորի կողմից ընտրվել հենց «AstraZeneca» պատվաստանյութը, հաշվի առնելով տեղական և միջազգային մամուլում առկա բացասական կարծիքներն ու այդ պատվաստանյութից մահացության մասին հրապարակումները, Վարդանյանը նշեց, որ պատվաստանյութի ընտրությունը կատարվել է հենց այդ շահարկումներին պատասխանելու պատճառով:

«Քանի որ ուսումնասիրել եմ տեղական և միջազգային հրապարակումները, կարող եմ ասել, որ դրանք իսկապես շահարկումներ են: Բացի այն, որ ուսումնասիրություն եմ կատարել, նաև խորհրդակցել եմ բժիշկների հետ, նրանք էլ վստահեցրել են, որ խնդիր չկա»,- ասաց Վարդանյանը:

Ծովինար Վարդանյանը հայտնեց, որ տեղեկություն ունի նաև այլ պատգամավորների պատվաստվելու մտադրության մասին, սակայն չգիտի՝ կան արդեն պատվաստված այլ պատգամավորներ, թե ոչ:

Ծովինար Վարդանյանը պատվաստանյութի առաջին ներարկումը ստացել է ապրիլի 26-ին, իսկ երկրորդը պետք է ստանա հաջորդող 8-12 շաբաթների ընթացքում:

Ապրիլի 26-ին Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը): 

Մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան էր ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ  «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ  ապրիլի 8-ին ներկրվել էր «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։  

COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում ռիսկի խմբում գտնվող անձանց համար` շաբաթվա բոլոր օրերին։

ՀՀ-ում ինչպես բոլոր, այնպես էլ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:

Նորայր Շողիկյան

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում