Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի գնդակ, 8 հատ կրակված պարկուճ
Այսօր՝ մարտի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։
Ըստ աղբյուրի, ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց ոստիկանները ենթադրյալ կասկածյալին հետապնդելով վնասազերծել և բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։ Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվել է տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։
Ոստիկանության վարչական շենքի դիմաց հայտնաբերվել է ավտոմատ: shamshyan.com-ի տեղեկություններով, վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Կրակոցների հետևանքով տուժածներ չկան, վնասվել է քաղաքացիներից մեկի ավտոմեքենայի անվադողը:
Կարծիքներ