Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման առումով չպետք է ունենալ չափազանցված սպասում, այն կարող է չիրականանալ. քաղաքագետ

Հայ-թուրքական հարաբերություններում հանրության ակնկալիքը մեկն է՝ դրանց կարգավորումը: Այդ հարաբերությունները պետք է կառուցվեն այնպես, որ չեզոքացնեն անվտանգության սպառնալիքները, որոնք կան Հայաստանի համար: Սակայն պետք է հասկանալ, որ այդ ակնկալիքները չպետք է բերեն չափազանցված սպասումների, որոնք կարող են տեղի չունենալ:
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:
Նկատենք, որ սա շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է:
Քաղաքագետի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը կախված է նաև երրորդ երկրներից:
«Նվազագույնը Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները էական ազդեցություն կարող են ունենալ: Եվ ոչ միայն նրանք, այլ ընդհանուր աշխարհաքաղաքական բաժանումներն ու վերադասավորումները, որոնք հիմա տեղի են ունենում աշխարհում»,- կարծում է նա:
Հարցադրմանը՝ հայ-թուրքական հարաբերությունների վրա Ադրբեջանն արդյոք դերակատարում չի՞ ունենալու, Բադալյանը նշում է՝ այնպես չէ, թե չունի որևէ ազդեցություն, սակայն, եթե դիտարկենք նշանակելիությունը, ապա Ադրբեջանի հանգամանքը առերևույթ թվում է շատ մեծ, բայց գործնական իմաստով այն փոքր է, եթե միջազգային մթնոլորտը ձևավորվում է ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման:
Զրուցակիցը նկատում է՝ այժմ հայ-թուրքական մակարդակում կան որոշակի շփումներ, պայմանավորվածություններ, որոնք կարող են կյանքի կոչվել:
«Օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, օդային բեռնափոխադրումները: Միգուցե շուտով ավելի երկկողմ բնույթի պայմանավորվածություններ լինեն: Ժամանակի և տարածության մեջ սա բավականին ընդգրկուն համակարգ է: Եվ պետք է հասկանանք, որ միջազգային իրավիճակն է թելադրելու, օրինակ, Թուրքիան որքանո՞վ անհրաժեշտ կհամարի պահպանել այդ դինամիկան, որքանո՞վ կունենա կարիք այդ դինամիկան զարգացնելու, նպատակահարմար կհամարի՞ սառեցնել իրավիճակը, ինչը տեսանք «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ: Մենք գործ չունենք կոնկրետ մեկ նպատակակետ ունեցող աշխատանքի հետ»:
Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Իրանի հետ կապված իրավիճակը նույնպես կարող է մեծ ազդեցություն ունենալ: Այժմ տեսնում ենք, որ բավականին ինտենսիվ դիվանագիտական շարժեր են ծավալվում Իրանի շուրջ:
«Պետք է ուշադրություն դարձնել նաև այն դրվագին, որ հուլիսի 1-ի՝ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումից և պայմանավորվածություններ ձեռք բերելուց և Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, և դրա ընթացքում Իրանում հուլիսի 19-ին ձեռք բերվեց եռակողմ հանդիպման պայմանավորվածություն՝ Էրդողան-Պուտին-Ռաիսի մակարդակով: Դրան զուգահեռ տեսնում ենք ԱՄՆ նախագահ Բայդենի ռեգիոնալ այցը դեպի Մերձավոր Արևելք, որտեղ նա լինելու է Իսրայելում, Պաղեստինում և Սաուդյան Արաբիայում՝ փորձելով ձևավորել կոալիցիոն համաձայնություն երկու առանցքային ուղղությամբ՝ Ռուսաստանի և Իրանի զսպում: Եվ կարևոր է հասկանալ, թե Բայդենի այս այցի ընթացքում ինչպես կդիրքավորվեն Թուրքիան և Ադրբեջանը: Մենք գիտենք, որ Թուրքիան իր քաղաքականության առանցքային տարր է դարձրել ամերիկա-ռուսական դիմակայությունը: Եվ այս իրավիճակն է Էրդողանին տվել ավելին խաղալու հնարավորություն»,- ասում է նա:
Բադալյանի դիտարկմամբ՝ երկկողմ գործընթաց Թուրքիայի և Հայաստանի միջև չկա, կա գործընթաց, որը պահանջված է թե՛ Թուրքիայի, թե՛ խոշոր խաղացողների կողմից, իսկ Երևանը փորձում է օգտագործել այս իրավիճակը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրը լուծելու համար:
«Այն միայն դիվանագիտական խնդիր չէ, նաև ռազմավարական է: Երևանը այս դեպքում փորձում է հասնել Թուրքիայի հետ ուղիղ շփման: Բայց պետք է նկատի ունենանք, որ այստեղ, ցավոք սրտի, Երևանի քաղաքական ու աշխարհաքաղաքական ներուժը չափազանց թույլ է՝ վճռորոշ դեր ունենալու համար»:
Դիտարկմանը, որ, ըստ թուրքական մամուլի, Թուրքիա-Հայաստան սահմանն ականազերծվում է, և այս լուրը հաջորդեց հենց երկրի ղեկավարների հեռախոսազրույցին, քաղաքագետը նշում է՝ մանրամասն չի կարող ասել, թե ինչո՞ւ էր ականապատված այդ տարածքը, ինչո՞ւ էր այդպիսի անհրաժեշտություն առաջացել, սակայն իրավիճակն ավելի շատ տակտիկական քայլի տրամաբանություն ունի, և չի կարծում, թե վճռորոշ որևէ գործոնի մասին է խոսքը:
Կարծիքներ