Ուժի գործադրումն ընդունելի չէ որպես հակամարտության լուծման միջոց. Շվեյցարիայի ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պասկալ Բերիսվիլը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին հայտարարեց, որ դրական է գնահատում այս պահին նիստի անցկացումը:
«Շվեյցարիան խորապես մտահոգված է ռազմական գործողություններով, որ Ադրբեջանը նախաձեռնեց այս շաբաթվա սկզբին, այս զարգացումը լրացուցիչ բեռ է առաջացրել ԼՂ քաղաքացիական բնակչության համար, նրանք արդեն իսկ ծանր մարդասիրական իրավիճակում էին և կրում էին տառապանք: Շվեյցարիան ի գիտություն է ընդունում երեկ հայտարարված հրադադարը և կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, ուժի գործադրումն ընդունելի չէ որպես հակամարտության լուծման միջոց»,- ասաց նա:
Շվեյցարիայի ներկայացուցիչն ընդգծեց` թեպետ մարտական գործողությունները կարծես դադարել են, իրավիճակը մնում է փխրուն, ուստի անորոշության այս իրավիճակում միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունները պետք է է՛լ ավելի հստակորեն կարևորել, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերը, մասնավորապես` փոքրամասնությունների իրավունքները պետք է հարգվեն առանց որևէ պայմանների:
«Մենք տխրեցինք` տեղեկանալով զոհված քաղաքացիական անձանց մասին, քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, վիրավորների և բուժհիմնարկների պաշտպանությունը կարևորագույն խնդիրներ են, մարդասիրական սուբյեկտները, այդ թվում` ԿՄԽՄ-ն, պետք է կարողանան իրենց անկողմնակալ առաքելությունները կատարել և արագ, անխոչընդոտ ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը կարիք ունեցող բնակիչներին: Մարդասիրական առաքումների մասին դրական զարգացումների փաստով ուրախացանք այս շաբաթվա սկզբին` Լաչինով ու Աղդամով ուղարկված օգնության մասին է խոսքը, բայց այդ հասանելիությունը պետք է շարունակել ապահովել»,- նշեց նա:
Շվեյցարիայի ներկայացուցիչը կողմերին կոչ արեց հարգել իրենց պարտավորությունները` ըստ 2020 թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության, ինչպես նաև հետևել Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին:
«Վերջին մի քանի օրերին շատերս ՄԱԿ-ում կրկին հաստատեցինք, որ հավատարիմ ենք ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, հենց երեկ նախագահը և շատերը նույնը հայտարարեցին այս դահլիճում` մենք պետք է չսահմանափակվենք գեղեցիկ բառերով, այլ ձգտենք այնպիսի միասնության, որ գործենք` հարգելով միջազգային իրավունքի նորմերը և խաղաղ ճանապարհով լուծելով վեճերը: Տևական խաղաղությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետք է շարունակական երկխոսության միջոցով բանակցային սեղանի արդյունք լինի: Խաղաղությունը պետք է ապահովել` հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, բոլորը, այդ թվում` տարածաշրջանի ազդեցիկ դերակատարները, պարտավոր են ապահովել հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի նկատմամբ և ապահովել խաղաղ լուծումներ: Շվեյցարիան պատրաստ է աջակցել այդ նպատակին և աջակցել կողմերին, եթե վերջիններս ցանկանան»,- ասաց նա:
Կարծիքներ