ՀՀ-ում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող ավելի քան 600 բազմաբնակարան շենք
Կառավարությունը հաստատեց անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը:
Արդյունքում կհստակեցվեն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման հարցում պետական քաղաքականության հիմնական մոտեցումները, որոնց կիրառման արդյունքում կբարձրանան խնդրի կանոնակարգման հասցեականությունը, առաջնահերթությունները և այլն:
Ըստ նախագծի հիմնավորման, փաստաթղթով նախանշվել են խնդրի կանոնակարգման նպատակները և խնդիրները, որոնց համար առաջարկվող լուծումներն իրենց տեղը պետք է գտնեն հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում ընդգրկված թվով 7 հիմնական միջոցառման մեջ: Ըստ հիմնավորման՝ միայն սեփականատերերի կամ միայն պետական միջոցներով այս խնդիրները հնարավոր չէ լուծել, և խնդիրն իրավական կանոնակարգման կարիք ունի՝ այդ թվում, գոյություն ունեցող իրավական ակտերի վերանայման միջոցով: Հիմնախնդրի մասով որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ են ակտուալ տվյալներ՝ բնակֆոնդի և դրա վիճակի վերաբերյալ: Կարգավորման կարիք ունեն նաև այն դեպքերը, երբ քաղաքացիները բնակարան են ձեռք բերում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդում և ընտանիքների հնարավոր լայն կազմով հաշվառվում այդ հասցեում՝ նպատակ ունենալով որևէ ձևով օգտվել աջակցության ծրագրերից: Նախորդ տարիներին ընդունվել և գործում են մի շարք իրավական ակտեր, որոնցում ընդհանուր առմամբ ամրագրվել են հիմնախնդրի շուրջ պետության կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունները: Սակայն, այդ ուղղությունները հստակեցման և վերանայման կարիք ունեն:
ՀՀ մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքված տվյալների համաձայն՝ հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Այսինքն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19 000 բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը: Հանրապետության բնակավայրերում առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1 200 անհատական բնակելի տուն (որոնցից մոտ 1 000-ը՝ բնական աղետների հետևանքով):
Կարծիքներ