ՀՀ ԶՈւ հավաքական թիմը Դիլիջանում անցկացվող «Պրոֆեսիոնալ» մրցաձևի հաղթող է ճանաչվել
Դիլիջանում երեկ՝ օգոստոսի 26-ին, անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձեւի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը:
Ինչպես FreeNews-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, մրցափուլի մասնակիցները, բացառապես քարտեզի եւ կողմնացույցի օգնությամբ, հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը եւ քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները:
«Պրոֆեսիոնալ» մրցաձեւի բոլոր երեք մրցափուլերի՝ «Մարտական պատրաստության համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում» եւ «Կողմնորոշում տեղանքում», արդյունքների ամփոփումից եւ համադրումից հետո մրցաձեւի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: Երկրորդ տեղում` Ղազախստանի, երրորդ տեղում` Ռուսաստանի թիմերն են:
Հիշեցնենք, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին` «Տեր եւ տիկին» մրցաձեւում նույնպես լավագույն արդյունք է գրանցել Հայաստանի թիմը:
Կարծիքներ