Բնակիչների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ Ադրբեջանը բաց չի թողնի նրանց կտտանքների ենթարկելու հնարավորությունը. ԱԳՆ

Բնակիչների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ Ադրբեջանը բաց չի թողնի նրանց կտտանքների ենթարկելու հնարավորությունը. ԱԳՆ

ԼՂ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ապօրինաբար գտնվող ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման կապակցությամբ։

«Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացին, որը բուժում ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր քաղաք Երևան, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետում առևանգվել է Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Արցախի քաղաքացու անցումը նախօրոք համաձայնեցվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:

Միջազգային իրավունքի և ԿԽՄԿ մանդատի պաշտպանության ներքո գտնվող Արցախի քաղաքացուն ապօրիանաբար արգելանքի տակ վերցնելը Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների, 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի իրավաբանորեն պարտադիր որոշումների աղաղակող խախտում է և բացահայտ կերպով ցույց է տալիս Արցախի ժողովրդի հանդեպ ադրբեջանական կողմի մտադրությունները: Ակնհայտ է, որ եթե Արցախի հարկադիր հպատակեցմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը, որը Բաքուն միջազգային հանրությանը ներկայացնում է որպես կարգավորման նախագիծ, իրագործվի, ապա մարդկանց առևանգումները, անօրինական բերման ենթարկումները, արտադատարանական սպանությունները, բռնի անհետացումներն ու արցախահայության իրավունքների այլ զանգվածային խախտումները համատարած բնույթ կստանան:

Արցախի քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ ադրբեջանական կողմը բաց չի թողնի նրանց ապօրինի ձերբակալությունների ու կտտանքների ենթարկելու, կյանքից զրկելու կամ մարդու իրավունքները ցանկացած այլ ձևերով խախտելու հնարավորությունը: Գրեթե անհավանական է, որ արցախցիները կկարողանան գոյատևել կամ ստանալ արժանապատիվ վերաբերմունք Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու դեպքում: Ադրբեջանի հենց այդ անմարդկային քաղաքականության զոհ են դարձել Արցախի 38 խաղաղ բնակիչներ, որոնք ընկել են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ Արցախի դեմ 2020 թ. ագրեսիայի ժամանակ: Նրանք բոլորը ենթարկվել են կտտանքների և դաժանաբար սպանվել: Արցախի Հանրապետության ևս 3 խաղաղ բնակիչ, ինչպես նաև 3 ոստիկան և 21 զինծառայող ադրբեջանցիների կողմից սպանվել են պատերազմից և 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Ադրբեջանի՝ Արցախի բնակիչների իրավունքների լայնածավալ և համակարգված խախտումների պետական քաղաքականության այս հերթական օրինակը Լաչինի միջանցքում ապօրինի հսկիչ անցակետի տեղադրման ուղղակի հետևանքն է, որը դարձել է արցախահայերի ահաբեկմանը, նրանց իրավունքների խախտմանը և արժանապատվության ոտնահարմանը միտված քաղաքականության գործիք, ինչպես նաև արդարացում նոր հանցագործությունների կատարման համար: Արցախի ժողովրդին շուրջ 8 ամիս սովի և այլ զրկանքների ենթարկելով, կանխամտածված և կամայական կերպով նրանց զրկելով մարդասիրական օգնություն ստանալու իրավունքից՝ ադրբեջանական կողմը հիմա էլ անցել է խոցելի վիճակում գտնվող Արցախի քաղաքացիների անհատական մակարդակով հետապնդմանը:

Ներգրավված միջազգային դերակատարներից, այդ թվում՝ ԿԽՄԿ-ից, պահանջում ենք ձեռնարկել հրատապ և ամենագործուն միջոցները՝ անհապաղ ազատելու և հայրենիք վերադարձնելու առևանգված քաղաքացուն, վերջ տալու Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, ինչպես նաև կանխելու այդ հանցագործությունների փոխակերպումը ցեղասպանության հանցագործության: Անհրաժեշտ ենք համարում ներգրավված բոլոր դերակատարների ջանքերի համախմբումը՝ շրջափակման լիակատար և անվերապահ դադարեցման, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային երկարաժամկետ մեխանիզմի ներդրման համար:

Պնդում ենք, որ Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող և գրեթե 8 ամիս շարունակվող ապօրինի շրջափակման հարցն անհապաղ քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Դիմում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես տեղում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը՝ խստորեն հորդորելով արտահայտել իր հրապարակային դիրքորոշումը և միջազգային հանրությանն ու, առաջին հերթին, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել փաստական և իրավական մանրամասն տեղեկատվություն Արցախում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում