Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ

Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Ռուսաստանին մեղադրել է տարածաշրջանում արբանյակային տեղորոշման GPS համակարգի աշխատանքի խափանման մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ֆիննական հանրային հեռարձակող Yle-ն, արտգործնախարարը նշել է, որ Ֆինլանդիան վաղուց է նկատել՝ ռուսական կողմից գործողությունների հետևանքով GPS ազդանշանների խանգարումներն ավելի հաճախակի են դարձել։

Նրա խոսքով՝ տարեսկզբին Տրանսպորտի և կապի գործակալության կողմից ստացված արբանյակային նավիգացիայի խանգարումների մասին հաղորդումները նկատելիորեն աճել են:

Չհստակեցնելով ժամանակահատվածը՝ Վալտոնենը պնդել է, որ ռուս-ուկրաինական ռազմագործողությունների ընթացքում GPS ազդանշանների խլացման շրջանակն ընդլայնվել է, իսկ մի շարք առումներով նոր ձև ստացել:

Վալտոնենի խոսքով՝ նավիգացիոն համակարգի խափանումները կարող են ազդել ուղեւորների թռիչքների վրա, սակայն քաղաքացիները անհանգստանալու պատճառ չունեն։

Նախարարը վստահեցնում է, որ իրավիճակը իշխանությունների վերահսկողության տակ է, նրանք կհետևեն ու համապատասխանորեն կարձագանքեն։

Ըստ նրա՝ Ֆինլանդիայում օդային երթևեկությունն ապահով է, իսկ GPS-ին միջամտությունը օդային միջադեպերի չի հանգեցրել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում