Կացարանի հրդեհից զոհված զինվորների ծնողները հանդիպել են փրկարար ծառայության տնօրենին

Կացարանի հրդեհից զոհված զինվորների ծնողները հանդիպել են փրկարար ծառայության տնօրենին

Ազատ գյուղի զինվորական կացարանում առաջիկա օրերին դեպքի վայրում որոշ ուսումանասիրություններ կկատարվեն։

Այս մասին ֆեսբուքյան իր էջում հայտնել է հրդեհի հետևանքով մահացած զինվորների ծնողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:

Ըստ նրա՝ դեպքի վայրում ուսումնասիրություն կատարելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ծնողների և այլ ներկայացուցիչների միջև։ 

«Հարգելի՛ բարեկամներ

Հայտնում եմ Ձեզ, որ այսօր ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին։
 
Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանը, ով դեպքի հաջորդ օրը՝ ս.թ. հունվարի 20-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ տառացիորեն հայտնել էր, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած»,- գրել է Նորիկյանը։
 
Նրա խոսքով՝ զոհված զինծառայողների ծնողները հանդիպմանը բազմաթիվ հարցեր են բարձրացրել։ Առաջիկա օրերի ընթացքում այս գործի վերաբերյալ հանդես կգա առավել ծավալուն տեղեկատվությամբ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում