Ստեփանակերտը հերքում է լուրերը Աղդամի ճանապարհի վերաբերյալ որոշում ընդունելու մասին
Պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել է տարածվող լուրերին, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկն ընդունելու որոշում է կայացրել։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով այդ լուրերը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը oգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:
«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,-նշել է Ավանեսյանը։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-ին Արցախի Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անելու: Թերթի տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը իբր տեղեկացրել է, որ առևտուրն այդ ճանապարհով լինելու է «մասնակի», այնտեղով կմտնեն շինանյութ, դիզել, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով։
Կարծիքներ