Մեծ Բրիտանիան Ուկրաինային մոտ 244 միլիոն դոլար կհատկացնի միջուկային վառելիքի գնման համար

Մեծ Բրիտանիան Ուկրաինային մոտ 244 միլիոն դոլար կհատկացնի միջուկային վառելիքի գնման համար

Մեծ Բրիտանիան կկարողանա Ուկրաինային տրամադրել 192 մլն ֆունտ (մոտ 244 մլն դոլար), որպեսզի Կիևն ատոմակայանների համար միջուկային վառելիք գնի, այդ թվում՝ բրիտանական ընկերություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Միացյալ Թագավորության էներգետիկայի նախարար Գրանթ Շեպսը Կիև կատարած իր այցի ընթացքում։

«Այս երաշխիքը, որը մենք կտրամադրենք, պետք է Ուկրաինային օգնի հասնելու այն բանին, որ… ապագայում նրա միջուկային վառելիքը չստացվի Ռուսաստանի միջոցով», - ասել է  Շեպսը։

Նախարարը մանրամասնել է, որ մատակարարներից մեկը կլինի մասամբ բրիտանական Urenco կոնսորցիումը, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։

Ուկրաինան այժմ վերահսկում է իր 4 գործող ատոմակայաններից 3-ը։ Զապորոժիեի ատոմակայանն անցյալ տարվա մարտից անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Այս տարվա մարտին Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում հայտարարել էին, որ երկիրը մտադիր է երեք տարի հետո կազմակերպել ատոմակայանների համար միջուկային վառելիքի սեփական արտադրություն, որը կկարողանա փոխարինել ռուսականին, այդ թվում՝ եվրոպական շուկայում։

Իր հերթին ТАСС-ը հաղորդում է, որ ըստ «Ռոսատոմ»-ի՝ մինչև 2025 թվականը գործող պայմանագրով ուկրաինական ատոմակայանները կապահովվեն ժամանակակից և տնտեսապես արդյունավետ վառելիքով։ Անցյալ տարվա մարտին ուկրաինական «Էներգոատոմ»-ում հայտնել են, որ Կիևը լիովին հրաժարվում է իր ատոմակայանների համար ռուսական վառելիքի գնումներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում