Դամասկոսում ՀՀ դեսպանությունում ստեղծվել է թեժ գիծ. Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին կոչ է արվում հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից
Մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով Դամասկոսում ՀՀ դեսպանությունում ստեղծվել է թեժ գիծ՝ + 963 96 000 36 22: Այս մասին տեղեկացնում են Սիրիայում ՀՀ դեսպանությունից:
«Ներկայումս ճշտվում են ցուցակները, թե ում անձնագրերն են պատրաստ: Կան անձնագրային գործեր, որոնք դեռ գտվում են պատրաստման փուլում և գտնվում են Հայաստանում: Փնտրվում են հնարավորություններ առկա անձնագրերը իրենց հասցեատերերին հանձնելու ուղղությամբ: Իրավիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո հյուպատոսությունը կկապվի հասցեատերերի հետ և կտեղեկացնի ուր և ինչպես կարող են ստանալ իրենց անձնագրերը:
Այս պահին կազմակերպված տարհանումն անհնարին է: Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին՝ հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից (տեղաշարժվել միայն անհրաժեշտության դեպքում), իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել:
Այն հայրենակիցները, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիության, բայց դեռ չեն ստացել անձնագրերը, և Սիրիայի հայազգի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան, կարող են դիմել Դամասկոսում կամ Բեյրութում ՀՀ դեսպանություններ և հեշտացված կարգով ստանալ ՀՀ մուտքի արտոնագրեր (վիզաներ):
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայումս տեղակայված է Դամասկոսում ՀՀ դեսպանությունում և արտակարգ ռեժիմով շարունակում է իր աշխատանքները դեսպանությունից»,- հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը:
Կարծիքներ