Պորտուգալիայի հարավում բռնկված անտառային հրդեհի մարմանն ավելի քան հազար մարդ է մասնակցում
Պորտուգալիայի հարավի Օդեմիրայի մունիցիպալիտետի շրջանում բռնկված անտառային հրդեհի մարմանն ավելի քան հազար մարդ է մասնակցում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ ըստ Diário de Notícias թերթի տեղեկատվության` հրդեհի դեմ պայքարում նաև գործի է դրված մոտ 370 միավոր տեխնիկա։
Հրդեհը սկսվել է օգոստոսի 5-ին։ Դրա մակերեսն արդեն գերազանցել է 10 հազար հեկտարը։ Ավելի վաղ անվտանգության նկատառումներով տարհանվել է ավելի քան 1400 մարդ։ 44 հոգու բժշկական օգնություն է պահանջվել:
Պորտուգալիայում հրդեհների մարումը բարդանում է սաստիկ շոգի պատճառով։ Այսպես, օգոստոսի 7-ին Սանտարենի մունիցիպալիտետում ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 46,4 աստիճանի, ինչը ռեկորդային է հանրապետությունում այս տարվա համար:
Կարծիքներ