Պահանջում եմ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված բոլոր հայերին. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջերում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալմանը։
«Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են (բռնի տեղահանվում-խմբ.) Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան ստանալու Հայաստանում, կալանավորումը դառնում է տագնապալի միտում:
Ռուբեն Վարդանյանն առանձնանում է որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մրցանակի մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը խաղաղության տարածման ջատագով է և ամբողջ աշխարհի մարդկանց տրամադրում է կրթություն և առողջապահություն»,- գրել է Մխիթարյանը։
Գրառմանը կից Մխիթարյանը երկու լուսանկար է հրապարակել:
Սեպտեմբերի 27-ին ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հստակ տեղեկություն չունի՝ Վարդանյանը հրաժարվե՞լ է ՌԴ քաղաքացիությունից, թե՞ ոչ: Եթե չի հրաժարվել, ապա ՌԴ-ն իր քաղաքացու ձերբակալման առնչությամբ քայլեր կձեռնարկի: Իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ տեղեկություն ստանալու, թե ո՞ւր են տարել Ռուբեն Վարդանյանին և ի՞նչ վիճակում է նա:
ՀՀ ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար:
ՄԱԿ-ը Ադրբեջանին կոչ էր արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
Կարծիքներ