ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված միջազգային դիտորդական առաքելություն ԼՂ ուղարկելու առումով և դրա շուրջ աշխատանքներ է տանում. Միլլեր
ԱՄՆ-ն կարևոր է համարում միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և բավական լուրջ է տրամադրված այդ առումով,- ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք բավականին լուրջ ենք տրամադրված միջազգային առաքելության առումով։ Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է հումանիտար օգնությանը, տարածաշրջանում հումանիտար կարիքների վերաբերյալ մնացած բոլոր հարցերին: Մենք այնքան լուրջ ենք տրամադրված միջազգային առաքելության առումով, որ պետքարտուղարն այդ հարցը բարձրացրել է նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում, պնդել է, որ նա աջակցի միջազգային առաքելությանը։ Դուք, գուցե, տեսել եք, որ երեկ (խմբ.՝ սեպտեմբերի 27-ին) Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ իրենք իսկապես աջակցում են միջազգային առաքելությանը, և, ըստ էության, նրանց հայտարարության մեջ ասվում էր, որ դրա աջակցության պատճառներից մեկն այն է, որ իրենց դրան դրդում է ԱՄՆ-ն», - հայտնել է Միլլերը։
Պաշտոնյան նաև կրկնել է, որ Վաշինգտոնն աշխատում է իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ որոշելու դա իրականացնելու լավագույն մեխանիզմը։
«Կարծում ենք, որ կարևոր է թափանցիկություն ապահովել և երաշխավորել, որ տեղում հումանիտար կարիքները բավարարվեն», - նշել է նա։
Պետքարտուղարության խոսնակը մանրամասներ չի հայտնել, թե որ երկրների հետ է ԱՄՆ-ն պատրաստվում աշխատել այդ հարցում, քանի որ այդ առաքելության մեկնարկի ժամկետները, մասնակիցների կազմը, գործունեության շրջանակը դեռ քննարկման փուլում են։ Նա միևնույն ժամանակ հավաստիացրել է, որ այդ ամենի շուրջ այժմ աշխատանք է տարվում։
Կարծիքներ