Պարո՛ն Մանուկյան, իմ նախկին ղեկավարի մոտից չեն գտել տուշոնկեք, ամոթն էլ է լավ բան. Ռուբինյանը՝ ընդդիմադիր գործընկերոջը
Ազգային ժողովում Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի ընթացքում լարված քննարկում է ծավալվել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։
Նիստի օրակարգում ընդգրկված երկու հարցերից առաջինը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17), ինչպես նաև Կարթագենյան և Նագոյայի արձանագրությունների կողմերի համապատասխան հանդիպումների անցկացման վերաբերյալ համաձայնագրի վավերացման նախագիծն էր։
«Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը քննադատել է իշխանություններին՝ համաժողովի կազմակերպման համար մասնավոր ընկերություններին մեծ գումարներ հատկացնելու առնչությամբ։
Դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ Մանուկյանը կոչ է արել չվատնել քաղաքացիների վճարած հարկերը և չզբաղվել, իր բնորոշմամբ, թալանչիությամբ։
«Մենք կռիվ ենք տալիս թալանչիության դեմ՝ շատ ուղիղ։ Այ թալանչին սենց է լինում, պոզով-պոչով չի լինում»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը՝ իշխանություններին մեղադրելով պետական բյուջեի միջոցների հափշտակման մեջ։
Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը Մանուկյանին հորդորել է պահպանել կոռեկտության սահմանները, ինչին ընդդիմադիր պատգամավորն արձագանքել է տեղից հնչեցրած ռեպլիկներով։
«Ինչպես արդարացիորեն ասում է Եղոյանը, պարո՛ն Մանուկյան, իմ նախկին ղեկավարի մոտից չեն գտել զինվորների համար նախատեսված տուշոնկեք։ Ամոթն էլ է լավ բան»,- հայտարարել է Ռուբինյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խոսքերին։


Կարծիքներ