Հին տարին ճանապարհեցինք անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով. Արայիկ Հարությունյան

Հին տարին ճանապարհեցինք անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ հին տարին ճանապարհել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով և դիմավորել նոր տարին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագով՝ ի հիշատակ մեր նահատակված հայրենակիցների:

«2020 թվականը ծանրագույն կորուստների ու մարտահրավերների տարի էր հայ ազգի համար: Մենք կորցրեցինք հազարավոր անգին կյանքեր, որոնց հիշատակը հարգելու լավագույն ձևը նրանց առաքելությունն ու երազանքները շարունակելն է:

 

Մենք պարզապես պարտավոր ենք շարունակել մեր նախնիների ու պատերազմում ընկած քաջորդիների գործը. թեև ծանր պայմաններում, սակայն միասնական, խելացի ու համբերատար պայքարը, համոզված եմ, կտա իր պտուղները պատմության երթում:

 

Ուստի, թո՛ղ 2021 թվականը հեռու պահի Հայոց հայրենիքը նոր արհավիրքներից, թո՛ղ այն դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի, թո՛ղ բոլորիդ օջախները լինեն խաղաղ և կյանքով լեցուն՝ միշտ մեր սրտերում վառ պահելով հայոց սուրբ նահատակների հիշատակը և նրանց հանդեպ մեր պարտավորությունները:

 

Խաղաղություն, վճռականություն ու ոգու տոկունություն եմ մաղթում յուրաքանչյուրիդ:

Փա՛ռք ընկած նահատակներին, փա՛ռք մեր անվտանգությունը երաշխավորող բոլոր մարտիկներին»,- գրել է Արցախի նախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում