Մենք պիտի կերտենք մեր ապագան՝ նոր հույսերով, նոր սպասումներով. Պարգև սրբազան
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը տեսաուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով ուժեղ լինել։
Արցախում 3 պատերազմ տեսած Պարգև սրբազանը ուժեղ լինելու հորդոր է կարդում: Այլընտրանք պարզապես չկա. հուշում է հոգևոր առաջնորդի տասնամյակների փորձը:
«2020-ը մեզ համար եղավ հերոսապատումի, դժվարությունների, փորձության, կորուստների տարի։ Թող այն անցնի պատմության գիրկը և նոր սպասումով ու նոր հույսով դիմավորենք նոր տարին։ Մենք այս գալիք նոր տարվա մեջ պիտի վերախմբավորվենք, ավելի կազմակերպվենք. դժվարությունները գալիս-գնում են ձմռան դաժան օրերի նման, գիշերը՝ փոխարինվում առավոտով, լույսով։ Մենք էլ այդ հույսով պիտի ապրենք։
Հաղթում է նա, ով վերարթնանում է և վերակազմակերպվում։ Մենք պիտի կերտենք մեր ապագան՝ նոր հույսերով, նոր սպասումներով, ինչը կախված է մեզանից»,- ասում է Սրբազանը՝ կոչ անելով վերակազմակերպվել՝ գալիք հաջողություններ ունենալու համար։
«Կամենում եմ, որ այս տարին, գալիք տարին լինի մեզ համար խաղաղության տարի, ստեղծագործության, շինարարության, ամոքելու տարի»,- մաղթում է Պարգև սրբազանը։
Կարծիքներ