Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ։
ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը և մանրամասն պարզաբանել է, որ իր իրավասությունը ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնյանների արարքներից ու որոշումներից:
Ավելին, Արման Թաթոյան հիշեցրել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուղիղ ամրագրում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել»:
Սա է մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի կողմից նախաձեռնված ռազմական հարձակման արդյունքում խախտված իրավունքների պաշտպանության հարցեր, ներկայացվել են կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության սկզբունքները և դերը։
Հանդիպման վերջում Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է ուսանողների հարցերին։
Կարծիքներ