ՍԱՏՄ-ն քայլեր է ձեռնարկել ներմուծման թույլատվություններն էլեկտրոնային դարձնելու համար
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը քայլեր է իրականացնում փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ, որի արդյունքում ներմուծման համար տրամադրվող սերտիֆիկատները էլեկտրոնային են դառնալու:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՍԱՏՄ սահմանային պետական վերահսկողության համակարգման բաժնի պետի տեղակալ Մեսրոպ Գրիգորյանն՝ անդրադառնալով 2023 թվականի մարտի 1-ից «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում գործարկված ՍԱՏՄ ենթահամակարգի առանձնահատկություններին:
«Հիմա այս համակարգով թույլատվությունն արդեն մաքսային մարմնի համար բավարար է, որ բեռը ձևակերպվի: Ընդհանրապես, թվայնացման առումով ՍԱՏՄ-ն այժմ լուրջ քայլեր է իրականացնում: Մեր սերտիֆիկատներն արդեն էլեկտրոնային են դառնալու»,-մանրամասնեց Գրիգորյանը:
Նրա տեղեկատվությամբ՝ ներկայում Ռուսաստանի Դաշնության հետ ակտիվ համագործակցություն է իրականացվում էլեկտրոնային համակարգի ինտեգրման ու էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն ունենալու համար, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի ընթացքում: Այդպիսի համակարգ կգործի նաև ԵԱՏՄ-ի պարագայում:
«Արդյունքում՝ արդեն թղթային սերտիֆիկատ ներկայացնելու կարիքը չի լինի: Այդ նույն էլեկտրոնային թույլատվություններն իրենք տեսնելու են և մեր բեռները բաց են թողնելու»,-պարզաբանեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում շատ թվային գործիքներ են կիրառվելու, որը ժամանակի պահանջ է:
Կարծիքներ