Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ հետպատերազմական իրավիճակում փառատոները զուտ փառատոներ չեն, այլ հանրային ինքնահաղթահարման ակցիաներ:
«Ըստ էության, մենք այսպիսով հաստատում ենք կյանքի և հանրային հարաբերությունների, մշակութային գործընթացների շարունակականությունը և մեր հաստատակամ կամքը: Կարևոր է այս իրավիճակում, այս պայմաններում գտնել ուժ ու թույլ չտալ, որ կարևորագույն պրոցեսներն ավարտվեն: Սա միայն ներքին բարոյահոգեբանական վիճակի հաղթահարման ակցիա չէ: Պատահական չէ, որ փառատոնն ընդգրկել է նաև այնպիսի ֆիլմացանկ, որն օգնում է հասկանալու, թե տարբեր պատմական իրողություններում և շրջաններում ինչպես են հաղթահարվել հանրային ճգնաժամերը: Այսինքն՝ ֆիլմի, կինեմատոգրաֆի միջոցով ուղենիշեր են տրվելու հանրությանը, և օգնելու ենք, որ ի վերջո չթուլանան կամքը, լավատեսությունը, պետության և պետականության գիտակցումն ու պատասխանատվությունը յուրաքանչյուր միավորի հանդեպ»,- ասել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել կինոփառատոնի կազմակերպչական թիմին, իսկ փառատոնին մաղթել է բարի ընթացք:
Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրել է կինոփառատոնի այս տարվա պաստառը, որի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ-դիզայներ, գրաֆիկական բեսթսելեր վեպերի հեղինակ Վահրամ Մուրատյանն է:
«Պաստառը ոչ թե զուտ սիմվոլիկ և տեսողական աչք շոյող բաղադրիչ է, այլ մի բան, որը թելադրում է այն հայեցակարգը, որով շարժվում է տվյալ տարվա փառատոնը»,- ընդգծել է Կարեն Ավետիսյանը և ներկայացրել փառատոնին հյուրընկալվող և միջազգային ճանաչում ունեցող կինոգործիչների անունները, ցուցադրվող բազմաժանր և բազմաբովանդակ ֆիլմերը:
Կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանն էլ ներկայացրել է «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, որի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր` Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից: Մասնավորապես, Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը: Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները:
Կարծիքներ